«Հայջրմուղկոյուղի»-ն Արարատի մարզում չշահագործվող հոր է լուծարել

05.05.2015 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենն այսօր ասել է, որ ընկերությանը հաջողվել է կանխել ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի վարչական տարածքում 400լ/վրկ արտադրողականությամբ ինքնաբուխ շատրվանող հորի հիմնական արտահոսքը:

Այս մասին Պատրիկ Լորենն ասել է Banks.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք նախօրեին նրա` Արարատի մարզ կատարած այցը կապված էր Արարատյան դաշտավայրի արտեզյան չշահագործվող հորերի կոնսերվացման եւ լուծարման հարցի հետ:

«Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի վարչական տարածքում գտնվող N15 խորքային հորը հորատվել է 80-ական թվականներին` Երեւան քաղաքի ջրամատակարարման նպատակով, սակայն հորատման օրվանից այն չի շահագործվել, քանի որ գտնվել է վթարային վիճակում: Հորատնացքից ինքնաբուխ շուրջ 360-400լ/վրկ ջրաքանակ տասնյակ տարիներ շարունակ արտահոսել է, հորի գլխամասային հատվածը հայտնվել էր 3 մ ջրի շերտի տակ, չկար մոտեցման հնարավորություն: Հորատման օրվանից բազմիցս միջոցներ են ձեռնարկել հորի լուծարման ուղղությամբ, սակայն դրանք արդյունք չեն տվել»,- ասել է Պատրիկ Լորենը:

Նրա խոսքով` 2014թ. վթարային հորի լուծարումը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանձնարարվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Նա նշել է, որ նույն թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ծախսելով մոտ 9 մլն դրամ, ընկերությունը փորձառու կազմակերպության միջոցով փորձել է լուծարել վթարային հորը, սակայն աշխատանքներն արդյունք չեն տվել:

«Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը ՀՀ շրջակա միջավայրի պահպանման գործում` մենք որոշեցինք ընկերության միջոցների հաշվին վերջնականապես լուծել այս խնդիրը: Լուծարման աշխատանքները վերսկսվեցին 2015թ. ապրիլից` մեկ այլ փորձառու կազմակերպության հետ կնքված` մոտ 20 մլն դրամ արժեքով պայմանագրի համաձայն: Հետաքրքիրն այն է, որ ըստ պայմանագրի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գումարը կվճարի կապալառու կազմակերպությանը միայն աշխատանքների հաջող ավարտի դեպքում:  Մեկամսյա աշխատանքները տվեցին դրական արդյունք»,- ընդգծել է «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը:

Պատրիկ Լորենը հավելել է, որ մայիսի 4-ին իր` շինհրապարակ կատարած այցելության ժամանակ պարզվել է, որ հորի լուծարման աշխատանքներն ավարտման փուլում են, եւ ներկայում տարվում են աշխատանքներ թույլ ջրատար հորիզոնից 15-20 լ/վրկ ջրերի արտահոսքը կանխելու եւ հորի վերջանական լուծարումն իրականացնելու ուղղությամբ:

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ 2014թ. ընթացքում նույն տարածաշրջանում ընկերության միջոցներով կոնսերվացվել է նաեւ 8 չշահագործվող հոր:   

Դիտում՝ 4148
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai