Կներդրվի արեւային ջրատաքացուցիչների համար նախատեսված նոր վարկատեսակ

14.04.2015 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Գերմանական KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) միջեւ «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակում կնքված համաձայնագրով շուտով հասանելի կլինի արեւային ջրատաքացուցիչների համար նախատեսված նոր վարկատեսակը:

Այս մասին Banks.am-ին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը եւ նշել, որ այն կտրամադրվի վերոնշյալ ծրագրի երրորդ փուլի հատկացումներով:

«Ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը նախատեսված էին փոքր հէկերի համար, երրորդ փուլը՝ վերականգնող էներգետիկ այլ աղբյուրների զարգացման համար: Երկար ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ ներկայում ամենաարագ զարգացող, շահավետ  եւ արդյունավետության մեծ ներուժ ունեն արեւային ջրատաքացուցիչները»,- ասել է Հայկ Հարությունյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ նոր՝ արեւային ջրատաքացուցիչների համար նախատեսված վարկային պրոդուկտը լինելու է ՀՀ դրամով:

«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից մասնավոր բանկերի համար սահմանվելու է առավելագույն 10.5% տոկոսադրույք: Վարկի մարման ժամկետը կախված կլինի ծրագրի հետգնման ժամկետից. եթե համակարգը հետգնումն ապահովի 5 տարվա ընթացքում, ինչը նման համակարգերի դեպքում ընդունված ժամկետ է, ապա ժամկետը կլինի հինգ տարի: Վարկային պրոդուկտը կառաջարկվի գրեթե բոլոր բանկերի եւ մի քանի լիզինգային ընկերությունների կողմից, որոնք արդեն իսկ աշխատում են ԿԲ-ի հետ»,- ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը:

Հայկ Հարությունյանը նշել է, որ որոշակի ծավալից ցածր վարկերի դեպքում մյուս պրոդուկտների համար գործող համաֆինանսավորման 70%/30% պարտադիր պահանջը կհանվի:

«Օգտվելով այս պրոդուկտից՝ վարկառուն առանց սկզբնական գումար վճարելու կստանա արեւային ջրատաքացուցիչ եւ համակարգի՝ ճիշտ տեղադրված լինելու դեպքում կվճարի իր վարկային պարտավորությունները բացարձակապես խնայողությունների հաշվին: Փորձում ենք այնպես անել, որ վարկառուի վրա լրացուցիչ բեռ չդրվի»,- ասել է փոխնախարարը:

Նրա փոխանցմամբ՝ իրավական դաշտը կարգավորված է, եւ առաջիկա շաբաթների ընթացքում վարկային պրոդուկտը հասանելի կլինի:

Խոսելով ակնկալվող արդյունքի մասին՝ Հայկ Հարությունյանը հավելել է.

«Պրոդուկտի ներկայացումից հետո ակնկալում ենք արեւային ջրատաքացուցիչների համատարած կիրառում, ինչը, ըստ մեր ուսումնասիրությունների, կարող է ապահովել բնակչության տաք ջրի կարիքները եւ բերել գազի միջինը 80%-ի խնայողության»,- ասել է նա:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 14104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai