Անելիք Բանկ. Թիմային ոգին մեր հաջողությունների կարեւոր գրավականն է

27.03.2015 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Banks.am-ի հարցազրույցը Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն, վարչության անդամ Ռուբեն Մելիքյանի հետ

- 2014-ը առանձնահատուկ էր Անելիք Բանկի համար. նախորդ 2 տարիներին վնասով աշխատելուց հետո Ձեզ հաջողվեց ապահովել շահույթ, որը բանկի ղեկավար Ներսես Կարամանուկյանի համոզմամբ՝ այս տարի «շատ ավելի մեծ կլինի»: Համաձայնվեք, դժվարին տնտեսական տարվա ֆոնին այս սպասումները չափազանց լավատեսական են՝ ինչո՞վ են դրանք պայմանավորված:

-Պատճառները, որոնք նպաստեցին, որ 2 տարի վնասով աշխատելուց հետո կարողանանք շահույթ ապահովել, մի քանիսն են: 2014թ. ընթացքում մեր կողմից վերանայվել են բոլոր այն գործընթացները, որոնք մեր ուսումնասիրությունների արդյունքում գնահատվել են ոչ արդյունավետ կամ բարելավման կարիք ունեցող: Օրինակ, ներդրվել է գնումների մրցութային համակարգ, կատարվել է ծախսերի գնահատում, ինչն էլ բերել է դրանց նվազեցման: Պետք է ասեմ, որ 2014թ. բանկի արձանագրած շահույթի ցուցանիշն ավելի մեծ կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ֆինանսական շուկայի ժամանակավոր անկայունությունը:  

2015-2016 թթ. բանկը նախատեսում է զգալիորեն մեծացնել վարկային պորտֆելն ու  ակտիվները եւ հետեւաբար՝ ակնկալվում է ավելացնել զուտ շահույթը: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում տնտեսական աճն այս պահին դրական միտում չունի, գրեթե համոզված ենք, որ 2015-ը մեր բանկի համար լինելու է ավելի շահութաբեր: Նման լավատեսական գնահատականի համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ Անելիք Բանկը որոշումների կայացման հարցում շատ դինամիկ է, արձագանքում է ցանկացած փոփոխության, տարբեր իրավիճակների համար ունի մշակված առանձին սցենարներ, ինչն էլ մեզ թույլ է տալիս խոսել շահույթն ավելացնելու մասին:

Աշխատանքներ են տարվում 2015թ. նորագույն ծրագրային լուծումների ներդրման ուղղությամբ, որոնք բարձրացնելու են բիզնես ուղղությունների ծրագրային ապահովվածությունը: Դրանք տրամադրվել է մեր բաժնետիրոջ` լիբանանյան Կրեդիտ Բանկի կողմից: Խոսքը աշխարհահռչակ ընկերությունների լուծումների մասին է, որոնք կբարձրացնեն մեր վարկավորման արդյունավետությունը եւ ամբողջովին կավտոմատացնեն գործընթացի մոնիթորինգը:

Բանկն ուժեղացրել է ռիսկերի կառավարման ոլորտը` ներդնելով կապիտալի կառավարման նոր եւ արդյունավետ մոդելներ, ինչպես նաեւ տանում է հետեւողական աշխատանք զարգացնելու գործառնական ռիսկերի եւ վարկային ռիսկերի կառավարման համակարգերը։ Վարկային ռիսկերի մասով բանկը ակտիվ համագործակցում է արտերկրի հեղինակավոր ընկերությունների հետ` տեղայնացնելով միջազգային լավագույն փորձը հատկապես սքոր քարտերի մասով։

Սրանք մասնագիտական ձեւակերպումներով, սակայն, ցանկանում եմ խոսել ամենակարեւորի՝ Անելիք Բանկում առկա թիմային ոգու մասին, որն էլ մեր հաջողությունների կարեւոր գրավականը եւ անհրաժեշտ նախապայմանն է՝ կայուն զարգացում ապահովելու հարցում:

-Հայտարարվել էր, որ 2015թ. գարնանից բանկային որոշ ծառայությունների մասով հնարավոր է սակագների բարձրացում՝ պայմանավորված դրամի արժեզրկմամբ: Մանրամասնեք, խնդրեմ, որքանո՞վ է սա վերաբերում վարկային պրոդուկտներին եւ մասնավորապես՝ ՓՄՁ-ների վարկավորմանը:

-Ոչ, մենք գարնանը, ինչպես նաեւ 2015թ. ընթացքում սակագների եւ տոկոսադրույքների վերանայում չենք նախատեսում: Ավելին՝ առկա ֆինանսական միտումներն այսօր ես գնահատում եմ ավելի բարենպաստ, քանի որ արտարժույթի փոխարժեքն այս պահին նվազման միտում ունի:

- Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն է այսօր վարկավորման պահանջարկը՝ թե՛ բնակչության, թե՛ տնտեսվարողների շրջանում, մասնավորապես՝ արդարացվա՞ծ են պահանջարկի կտրուկ նվազման մասին ազդակները: Միաժամանակ, ի՞նչ միտումներ են նկատվում ավանդատուների շրջանում:

-Վարկավորման պահանջարկը կայուն է: Ինչ վերաբերում է բանկի պրոդուկտներին, ապա այդ մասով պահանջարկն աճի միտում ունի: Դա հիմնականում պայմանավորված է նոր պրոդուկտների ներդրմամբ եւ գործողների գովազդային արշավներով: Նշեմ, որ նախորդ տարվա ընթացքում ներդրել ենք նոր վարկային պրոդուկտներ` նախատեսված հատկապես մանրածախ բիզնեսի համար, ինչի արդյունքում բանկի վարկային պորտֆելը 1 տարվա ընթացքում աճել է շուրջ 51%-ով:

Ավանդների ներգրավման գործընթացը նույնպես կայուն է: Մեր ավանդատուների կայուն բանակը մասամբ պայմանավորված է նաեւ բանկի բաժնետեր լիբանանյան Կրեդիտ Բանկի հեղինակությամբ: Մեր բաժնետերը 2014թ. ընթացքում Անելիք Բանկում շուրջ 1 մլրդ դրամի կապիտալի ավելացում է իրականացրել, եւ նախատեսում է շարունակել այդ գործընթացը նաեւ 2015թ. եւ 2016թ.:

-Լուրեր են շրջանառվում, որ բանկերում դժվարացել է ֆիզիկական անձանց վարկավորման գործընթացը: Այս տեսանկյունից, ի՞նչ խնդիրներ կան Անելիք Բանկում:

-Գուցե կրկնվեմ, սակայն, պետք է ասեմ, որ 2014թ. ընթացքում Անելիք Բանկն ակտիվորեն իրականացրել է մանրածախ պրոդուկտների վարկավորում, մասնավորապես՝ տարատեսակ սպառողական, լոմբարդային վարկեր, ավտովարկերի տրամադրում եւ այլն:

Այո, խոշոր բիզնեսի վարկավորման ուղղությամբ մեր վարկային պորտֆելը չի աճել այնքան, որքան մանրածախ վարկային պորտֆելի դեպքում: Դա ավելի շատ բանկի ռազմավարության արդյունք է: Լինելով ունիվերսալ բանկ, մենք որդեգրել ենք ավելի շատ մանրածախ վարկային պրոդուկտների խթանման ռազմավարությունը` ավելի շատ ֆինանսավորելով մանրածախ սեկտորը, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսը:

- Ինչպե՞ս եք վերաբերվում արտաքին աղբյուրներից (միջազգային ֆինանսական կազմակերպություններից) վարկային միջոցների ներգրավման հեռանկարին, եւ ինչո՞վ է պայմանավորված մինչ օրս այս հարցում բանկի համեստ գործելաոճը:

-Այո, այս ընթացքում այդքան էլ ակտիվ չենք եղել միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկային միջոցների ներգրավման առումով: Սակայն 2014թ. աշնանից ակտիվ համագործակցում ենք միջազգային մի շարք ֆինանսական կազմակերպությունների հետ: Ծրագրում ենք առաջիկա երկու տարիներին այդ կառույցներից ներգրավել ֆինանսական միջոցներ՝ տարատեսակ ուղղություններ վարկավորելու նպատակով: Եվ սա իրականացնելու ենք՝ չնայած, որ թե՛ Կրեդիտ Բանկի հնարավորությունները, թե՛ մեր ներգրաված միջոցներն ու ընթացիկ հաշիվների մնացորդը բավարար են:

- Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնելու մասին ԿԲ-ի որոշումը տարբեր կերպ մեկնաբանվեց, համեմատություններ եղան նաեւ այլ երկրներում կիրառվող համանման ցուցանիշների հետ: Հաշվի առնելով, որ Անելիք Բանկի բաժնետերն է լիբանանյան Կրեդիտ Բանկը, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է այս հարցը կարգավորվում Լիբանանում:

-Լիբանանյան բանկային համակարգի մասնակիցների նկատմամբ կիրառվող կարգավորումներն անհամադրելի են Հայաստանում կիրառվողների հետ: Բանն այն է, որ լիբանանյան բանկային համակարգն էապես տարբերվում է մեզանից: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ յուրաքանչյուր երկրի կենտրոնական բանկ, առաջնորդվելով տվյալ երկրի հեռանկարային զարգացման ուղղություններով, որդեգրած դրամավարկային քաղաքականությամբ, ինչպես նաեւ մակրոտնտեսական ցուցանիշներով, ֆինանսական կառույցների համար սահմանում է համապատասխան չափորոշիչներ: Նշեմ նաեւ, որ Լիբանանի բանկային համակարգի մասնակիցները տարբեր դասակարգումներ ունեն եւ նրանց համար, համապատասխանաբար, գործում են տարբեր սահմանաչափեր: Ես կխուսափեմ որեւէ թիվ նշելուց, սակայն, ցանկանում եմ ասել, որ բանկերի գործունեության թույլտվությունը մեծապես կապված է դրանց գործունեության ռազմավարությունից եւ կոնկրետ ծրագրերից եւ ոչ կապիտալի չափից:  

- ԿԲ-ի որոշման համատեքստում ենթադրվում են բանկերի կողմից տարբեր սցենարների իրագործում, այդ թվում՝ միաձուլման եւ մի բանկի կողմից մյուսը գնելու հնարավորությունը: Ձեր բանկի պարագայում ո՞ր սցենարն է այս փուլում առավել քննարկվողը եւ/կամ իրատեսականը:

-Կարծում եմ՝ ԿԲ-ի կողմից տրամադրվող երկու տարի ժամանակահատվածը լիովին բավարար է, որ բանկերի սեփականատերերը որոշում կայացնեն: Յուրաքանչյուր բանկ ինքը պետք է որոշի, թե ինչ քաղաքականություն է որդեգրում: Ինչ վերաբերում է Անելիք Բանկին, ապա, ինչպես նշեցի, դեռ երկու տարի ժամանակ կա եւ, համոզված եմ, որ մեր բաժնետերն այդ առումով ճիշտ որոշում կկայացնի:

Վերջին օրերին սխալ մեկնաբանություններ են հնչում, թե այն բանկերը, որոնք այս պահին չունեն այդ 30 մլրդ դրամ ընդհանուր կապիտալը, ռիսկային են, ինչն անիմաստ խուճապ ստեղծեց մարդկանց շրջանում՝ չիմանալով, որ բանկի ռիսկայնությունը դրանով չի չափվում: Այո, նվազագույն շեմի բարձրացումը կարող է լրացուցիչ պատնեշ հանդիսանալ բանկային ոլորտ մտնող նոր խաղացողների համար, սակայն բնակչությունը եւ հատկապես ավանդատուները պետք է հասկանան, որ որքան այդ շեմը բարձր է, այնքան բանկն ավելի կայուն է:

Ներկայումս Հայաստանում գործում է 21 բանկ, չեմ բացառում, որ երկու տարի հետո դրանց թիվը կարող է կրճատվել: Չեմ բացառում նաեւ, որ բանկերի միջեւ հնարավոր է՝ բանակցություններ են վարվում, սակայն կոնկերտ միաձուլման մասին տեղեկատվություն չկա: Ես, վստահաբար կարող եմ խոսել միայն մեր բանկի մասին եւ շեշտել, որ մենք որեւէ մտահոգություն չունենք եւ շարժվում ենք մեր ռազմավարական ճանապարհով:

Ասեմ նաեւ, որ Անելիք Բանկը ողջունում է բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ավելացման մասին ԿԲ-ի որոշումը: Գուցե ռիսկային լիներ, եթե գործեր ասենք 3-4 բանկ: Դա կպարունակեր օլիգոպոլիայի հատկանիշներ, սակայն այս պարագայում լինելու է առողջ մրցակցություն: Իսկ քանի որ մեր բանկային համակարգում մենաշնորհ չկա, ֆինանսական կայունության առումով, սա կբերի միայն դրական հետեւանքների:

Մեր բանկի համար առավել քննարկվող են կապիտալի ավելացման կամ մեր կողմից այլ բանկի ձեռքբերման սցենարները: Մեր բաժնետերն այս գործընթացների մասին տեղեկացված է: Ինչպես նշեցի, այն պատրաստվում է պարբերաբար կապիտալն ավելացնել եւ այլ ֆինանսական ռեսուրսներ եւս տրամադրել: Մի բան հստակ է՝ Կրեդիտ Բանկը ցանկանում է շարունակել մնալ Հայաստանում:   

- 2015-ը բանկի համար հոբելյանական տարի է. նշվել էր, որ հիմնադրման 25-ամյակի առթիվ հաճախորդներին անակնկալներ են սպասվում՝ կարո՞ղ եք հնարավորինս բացել փակագծերը:

-Ամբողջ տարվա ընթացքում հոբելյանի առթիվ տարատեսակ անակնկալներ կլինեն՝ նոր պրոդուկտների ներկայացում, տարբեր ակցիաներ, բարեգործական նախագծեր: Դրանք տեղի կունենան Հայաստանի տարբեր քաղաքներում: Թե կոնկրետ ինչ միջոցառումների մասին է խոսքը, դեռ անակնկալ թող մնա: Առաջիկայում մեր հաճախորդներին պարբերաբար կտեղեկացնենք դրանց մասին:

Ռուբեն Մելիքյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 5778
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai