Հոլանդացի գործարարի դիտարկումները՝ Հայաստանի մասին

06.03.2015 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հոլանդացի տնտեսագետ, փիլիսոփա, մարդաբան Յան Կրիկելսը զբաղվում է ջեռուցման նորագույն սարքերի արտադրությամբ եւ իրեն համարում է ոչ ստանդարտ գործարար:

Հասկանալով, որ բիզնես վարելու ավանդական մեթոդները հաճախ արդյունավետ չեն, Յան Կրիկելսն արվեստն ու բիզնեսը համատեղելու նպատակով ստեղծել է «Ուխրոնիա» նախագիծը: Գործարարի խոսքով՝ այն աշխարհի տարբեր ծայրերից հավաքում է նոր գաղափարներ եւ տրամադրում դրանք իրականացնելու աջակցություն:

Յան Կրիկելսը օրերս Երեւանում՝ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում, հանդես է եկել «Innovate or die» խորագրով սեմինարով, որից հետո բացառիկ հարցազրույց է տվել Banks.am-ին: Հարցազրույցի առավել հետաքրքիր մտքերը ներկայացված են ստորեւ:

Ես բարոյական գործարար եմ

Ես չեմ ցանկանում լինել տիպիկ գործարար: Ես բարոյական գործարար եմ: Ցանկանում եմ ճիշտ բաներ ստեղծել, արտադրել պրոդուկտներ, որոնք իսկապես կծառայեն մարդկանց: Գլխավոր պայմանն այն է, որ իմ ստեղծածը ո՛չ ներկայում, ո'չ էլ ապագայում չվնասի բնությանը:

Լինելով գործարար՝ ընկերներ ունեմ ավելի քան 30 երկրում: Նշեմ, որ բիզնես գործունություն ծավալում եմ միայն ընկերներիս հետ: Բիզնեսն այն ընկերների մասին է, ովքեր կռվում են փոթորիկի դեմ՝ նավում միասին հայտնվելու համար:

Նրանք ունեն ընդհանուր շահ եւ ցանկանում են հասնել դրան:

Կյանքում իմ ամենաօգտակար մոտիվացիան իդեալիստ մնալն է: Աշխարհի տարբեր ծայրերում միշտ գտնվել են մարդիկ, ովքեր ինձ կերակրել են, ապահովել գիշերակացով եւ փոխադրամիջոցով, երբ ես ոչինչ չեմ ունեցել: Ի դեպ, աղքատ մարդիկ շատ ավելի բարյացակամ են, քան մատերիալիստները. վերջիններս հարստանալու դեպքում դադարում են քեզ օգնել:

Բիզնեսն այն պարգեւն է, որ ստանում ես մարդկանցից, որ շարունակես անել այն, ինչով ներկայում զբաղվում ես: Դու ստանում ես շահույթ, իսկ շահույթը վատ բան չէ, դրա միջոցով շարունակում ես անել այն, ինչին հավատում ես: Սակայն սխալ է մտածել, որ բիզնեսը զուտ շահույթ է: Ոչ, այն դիմացինի ուղեղին հասնելու եւ կապ հաստատելու ձեւ է:

Սա է բիզնեսի իմ փիլիսոփայությունը:

Այն, ինչ անում եմ, «մեդիա ռումբ է»

Իմ բիզնես ոճը ենթադրում է ցույց տալ ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ: Այն, ինչ տեսնում եք, ես եմ: Ես չեմ հագնում կոստյում, որը կփակի իմ իրական դեմքը: Բելգիայում ես հեռուստատեսային շոու եմ վարում, որտեղ նկարահանվում է այն ամենը, ինչ ես անում եմ: Ես թաքցնելու բան չունեմ: Ճիշտ է, ես հրաշալի հռետոր չեմ, սակայն ես՝ ես եմ: Եթե պետք է իմ ընկերության անունից խոսեմ, խոսում եմ սովորական լեզվով: Շատերն ասում են, որ այն, ինչ անում եմ, «մեդիա ռումբ է», ու որ ես տարբերվում եմ մյուսներից: Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, լավ բան է, սակայն նախ պետք է գտնես ինքդ քեզ: Դրա համար պետք է շատ ճանապարհորդել: Ես 4 երեխա ունեմ՝ 3 որդի եւ մեկ դուստր. միշտ հորդորում եմ նրանց՝ որքան հնարավոր է շատ ճանապարհորդեք:

Հայերն ու նորարարությունը

Հայերն իրենց հին մշակույթով հանդերձ այսօր խնդիրներ ունեն հարեւան պետությունների հետ: Գուցե եկե՞լ է ժամանակը ապագայի վրա կենտրոնանալու եւ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ իրենց ինքնաբավ կզգան: Հիմնե՛ք դպրոցներ, որտեղ մարդիկ կկարողանան սովորել դա: Պետք է նշեմ, որ այստեղ գտնվելու ընթացքում մի քանի դպրոց եմ այցելել եւ տպավորված եմ: 

Հայաստանում շատ են բարձրակարգ մասնագետները: Ես կողջունեմ իմ ընկերությունում Հայաստանից մասնագետների մասնակցությունը: Մի բան գիտեմ. եթե ինովացիոն գաղափար իրականացնելու համար աշխատանքի ընդունեմ բելգիացու, ապա նա չի ցանկանա դժվարությունների միջով անցնել եւ ինչ որ բան ստեղծել: Հայաստանում կան մարդիկ, որոնք ինչ-որ նոր բան ստեղծելու «քաղց» ունեն, եւ ես ցանկանում եմ իմ ընկերությունում օգտագործել այդ մոտիվացիան: 

Խորհուրդ ստարտափներին

Իմ խորհուրդն է՝ խմբո՛վ առաջ գնացեք, ոչ թե միայնակ: Այս աշխարհում միայնակ առաջ շարժվելու շանս այլեւս չկա: 80-90-ականներին դա դեռ հնարավոր էր, սակայն այդ ամենն արդեն անցյալ է: Օգտագործե՛ք իմ մշակած էկոլոգիայի եւ արվեստի մոդելը. գտե՛ք տարբեր հմտություններով մարդիկ, մեկ խմբում հավաքե՛ք նրանց եւ փորձե՛ք նրանցից ինչ-որ բան ստանալ: Այս նոր աշխարհում շանս ստանալու երաշխիքներ այլեւս չկան: Նույնիսկ ես, որ 600-հոգանոց ընկերություն ունեմ, չգիտեմ՝ արդյոք վաղը կամ մեկ տարի անց իմ ընկերությունը կշարունակի՞ գործել, թե՞ ոչ: Ամեն ինչ կարող է պատահել: 

Ցանկանում եմ նաեւ զգուշացնել. վտանգավոր է երկիր հրավիրել օտար ներդրողների. նրանք քեզ տալիս են ավելին, քան դու կարող ես նրանց վերադարձնել: Նրանք շահույթ ստանալ են ցանկանում եւ եթե դու չես արդարացնում նրանց հույսերը, հնարավոր է, որ քեզանից ինչ-որ բան տանեն: Այնպես որ փորձե՛ք ինքներդ ստեղծել. եթե անգամ փող չունեք եւ գիտակցում եք, որ շատ դժվար է լինելու, ստեղծե՛ք ձերը՝ այն համոզմունքով, որ այն ձեզ է պատկանելու:

Հայաստանի շուրջ պա՛տ կառուցեք եւ փորձե՛ք գոյատեւել

Հայաստանում ջերմություն եւ սեր եմ գտել: Զարմացա, երբ էջմիածնի մայր տաճարում տեսա, որ տարածքը որեւէ նկատելի ձեւով չի վերահսկվում: Մեզ մոտ՝ Բելգիայում, նմանատիպ վայրերում թիկնապահները վխտում են: Ինձ համար նորություն էր հակառակը տեսնել Հայաստանում: Պատճառն այն է, որ Հայաստանում՝ այդպիսի վայրերում, ոչ ոքի մտքով չի էլ անցնում ինչ-որ բան գողանալ, քանի որ դուք հին եւ հարուստ մշակույթ ունեք: Խորհուրդ եմ տալիս՝ մի՛ փոխեք ձեր այդ մոտեցումը:

Հայաստանի շուրջ պա՛տ կառուցեք եւ փորձե՛ք գոյատեւել: Եթե ձեզ մոտ ստացվեց, ապա դուք ինովացիոն ազգ եք: Սկզբում գտե՛ք ձեր սեփական էներգիան եւ ինքներդ ձե՛զ համար ստեղծեք ամեն ինչ: Եթե դուք դա չանեք, նշանակում է՝ նստել եք գնացք, ու չգիտեք, թե այն ինչ ուղղությամբ է գնում, եւ հաջորդ վայրկյանին ինչ է պատահելու: Դրսից աջակցությունը օգտակար կլինի միայն այն դեպքում, երբ դուք այն օգտագործեք կրեատիվ նպատակներով: Օգտագործե՛ք ձեռքի տակ եղածը. էներգիան, ջուրը, սնունդը եւ լավ օդը ձեր սեփականությունն են, մի՛ տվեք այն ուրիշներին, այլապես նրանք ձեզ կթալանեն:

Յան Կրիկելսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Դիտում՝ 4065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai