Միքայել Նշանյան. Առաջարկում եմ ներդնել «Իրացված արժեքի կառավարում» մեթոդը

27.11.2014 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Վերջերս Հայաստանում առաջին անգամ նշվեց Նախագծերի կառավարման միջազգային օրը: «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համատեղ ջանքերով կազմակերպվեց երկօրյա համաժողով, որի նպատակն էր իրազեկել Հայաստանում եւ տարածաշրջանում նախագծերի կառավարման մասնագիտության մասին եւ աջակցել ոլորտի զարգացմանը:

2013 թ-ից  Հայաստանում գործող մասնագետները, ինչպես նաեւ նախագծերի կառավարման ոլորտ մուտք գործել ցանկացողները հնարավորություն ունեն անցնելու նախապատրաստական դասընթացներ «Այ Էյ Բի»-ում: Ակադեմիան առաջարկում է Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute - PMI) հետեւյալ երկու որակավորումներ՝  Project Management Professional - PMP (Նախագծի կառավարման մասնագետ) եւ Certified Associate in Project Management - CAPM (Նախագծի կառավարման թղթակից անդամ):

Նախագծերի կառավարման ինստիտուտի որակավորումներին նախապատրաստող «Այ Էյ Բի»-ի եռաստիճան ուսումնական ծրագրին Banks.amանդրադարձել էր այս տարվա գարնանը: Այսօր կփորձենք ներկայացնել Հայաստանում ոլորտի զարգացման հիմնական միտումներն ու մարտահրավերները: Մեր զրուցակիցն է Հայաստանում PMP առաջին որակավորված մասնագետ, «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի խորհրդատու եւ նախագծերի կառավարման ծրագրի դասընթացավար Միքայել Նշանյանը:

- Պ-ն Նշանյան, նախ, խնդրում եմ, պարզաբանեք՝  նշված համատեքստում ի՞նչ է պետք հասկանալ «նախագիծ» հասկացության տակ, եւ ո՞րն է այն սանդղակը, որով որոշվում է լավ կամ վատ կառավարիչը:

- Ներկայիս տնտեսության գլոբալիզացման պայմաններում, երբ օրեցօր աճում է մրցակցությունը բիզնեսի ոլորտում, հասարակության առջեւ նորանոր սոցիալական, բնապահպանական, քաղաքական մարտահրավերներ են ծառանում: Այդ համատեքստում չափազանց կարեւոր դեր է խաղում նախագծերի իրականացման միջոցով փոփոխությունների արդյունավետ կառավարումը:

Նախագիծը սահմանում են որպես նախանշված հատկանիշերով նոր արտադրանքի, նոր արդյունքի կամ նոր ծառայության ստեղծում՝ որոշակի սահմանափակ ժամանակի, ֆինանսական, նյութական, մարդկային ռեսուրսների առկայությամբ: Ու այդ ամբողջ գործընթացի պլանավորման եւ իրականացման պատասխանատուն նախագծի կառավարիչն է:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ նախագծի կառավարչի լավ կամ վատ լինելը որոշվում է նրանով, թե որքանով է իրեն հաջողվում ապահովել նախագծի վերջնական արդյունքի համապատասխանությունը նախանշված չափանիշներին՝ չգերազանցելով  ժամանակային, բյուջետային, ռեսուրսային սահմանափակումները, եւ, որ ամենակարեւորն է, գոհացնել պատվիրատուին եւ սպառողներին:
Այդ ամենի համար անհրաժեշտ են նախագծերի կառավարման մասնագիտական գիտելիքներ եւ դրանք գործնականում կիրառելու հմտություններ: Նշեմ նաեւ, որ նախագծի կառավարումը թիմային աշխատանք է, եւ դրա հաջողությունը մեծապես պայմանավորված է թիմն առաջնորդելու՝ նախագծի կառավարիչի ունակություններով:

- Որքանո՞վ է այսօր պետական հատվածը ապահովված նախագծերի որակյալ կառավարիչներով, առաջին հերթին՝ հաշվի առնելով մեր երկրում միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող տարատեսակ ներդրումային ծրագրերը:

- Ցավոք սրտի, իրավիճակն այդ առումով խիստ անմխիթար է: Իրոք, կա նախագծերի կառավարման որակյալ մասնագետների պակաս տնտեսության ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում: Բնավ չհամարելով, որ միջազգային որակավորման առկայությունը միակ երաշխիքն է նախագծի լավ կառավարիչ լինելու համար, այնուամենայնիվ, հարկ եմ համարում նշել, որ ներկայումս Հայաստանում կա ընդամենը 14 միջազգային PMP որակավորում ունեցող մասնագետ: Մինչդեռ, օրինակ, Լիբանանում այդ թիվը գերազանցում է 600-ը:

Բնականաբար, այս հանգամանքն անդրադառնում է ամեն տեսակի, այդ թվում՝ միջազգային ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման վրա:

Իմ խորին համոզմամբ, առկա իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է կազմակերպությունների վերին օղակների նոր գիտակցություն. նախագծերի կառավարումն այլեւս առանձին մասնագիտություն է՝ գիտելիքի իր շտեմարանով, ստանդարտներով, մեթոդաբանությամբ եւ գործիքների զինանոցով: Նրանք պետք է գիտակցեն, որ նախագծերի միջոցով են իրականացվում կազմակերպությունների ռազմավարական նպատակներըեւ ապահովվում  նրանց կայուն զարգացումը: Անհրաժեշտ է նաեւ, որ ոլորտի մասին հիմնային գիտելիքներ ունենան նաեւ մարդկային ռեսուրսների (կադրերի) պատասխանատուները. հենց սրա շնորհիվ նրանք ճիշտ կկողմնորոշվեն նախագծի կառավարչի ընտրության հարցում:

- Կարո՞ղ ենք փաստել, որ նախագծերի կառավարման ոլորտի կայացած լինելը կոռուպցիոն ռիսկերի արդյունավետ կառավարման հիմնական գրավականներից  է:

- Նախագծերի կառավարման կարեւորագույն խնդիրներից է բազմաբնույթ, այդ թվում՝ կոռուպցիոն  ռիսկերի բացահայտումը, հսկումը եւ դիմակայումը: Այս նոր մշակույթի կայացումը ինքնին ենթադրում է առավելագույն թափանցիկություն, փաստացի կատարված ծախսերի եւ պլանավորվածի համադրություն: Այդ ամենի հսկման եւ կառավարման համար կան հատուկ մեթոդներ եւ գործիքներ: Նախագծի շրջանակներում բազմաբնույթ գնումների իրականացումը եւս նախագծերի կառավարչի գործունեության կարեւոր բաղադրիչներից  է:

Միանշանակ, նախագծերի ճիշտ կառավարումը ենթադրում է լիակատար թափանցիկություն, ցանկացած պահին նախագծի իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկությունների տրամադրում եւ դրա միջոցով՝ կոռուպցիոն ռիսկերին դիմակայում:

Ես առաջարկում եմ ներդնել «Իրացված արժեքի կառավարում» մեթոդը՝ որպես հակակոռուպցիոն ռիսկերին դիմակայելու միջոց: Այդ ոչ բարդ հաշվարկային մեթոդի կիրառմամբ հնարավոր է անհրաժեշտ պահի գնահատել` որքանով են արդյունավետ ծախսվել բյուջետային միջոցները, որքանով է աշխատանքների ընթացքը համապատասխանում պլանավորված ժամանակացույցին: Բացի այդ, ելնելով գնահատված իրավիճակից` հնարավոր է նաեւ կանխատեսել նախագծի հետագա ընթացքը: Այս մեթոդը թույլ է տալիս դեռեւս վաղ փուլերում բացահայտել նախագծի թաքնված պրոբլեմները, մեծացնել թափանցիկությունը: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի պետական բյուջեից ֆինանսավորվող նախագծերում այդ մեթոդի կիրառումը պարտադիր պայման է:

- Ինչպե՞ս են ընթանում գործերը մասնավոր հատվածում: Որո՞նք են այն բիզնես ոլորտները, որտեղ նախագծերի կառավարման մշակույթն արդեն իսկ տեսանելի է, եւ հակառակը՝ այն հատվածները, որոնք թերանում են այս առումով:

- Ինչպես արդեն նշեցի, նախագծերի կառավարումը մասնավոր հատվածում էլ դեռեւս հեռու է բավարար լինելուց: Առավել հուսադրող է իրավիճակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ հաջողությամբ ներդրվում է անհրաժեշտ մշակույթը, կիրառվում են արդիական մոտեցումներ եւ գործիքներ:

Այնինչ շինարարական ոլորտում, բացառությամբ եզակի դեպքերի, վիճակն անմխիթար է: Մինչդեռ ամբողջ աշխարհում արդեն 10-ամյակներ շարունակ հաջողությամբ կիրառվում են նախագծերի կառավարման դասական դարձած մեթոդներ ու գործիքներ:

«Այ Էյ Բի»-ն վերջերս հետազոտություն է կատարել Հայաստանում նախագծերի կառավարման ոլորտում ու պարզել, որ ոլորտի մասնագետները բաժանվում են երկու հիմնական խմբի: Առաջին խմբում հարուստ փորձառությամբ, առաջնորդի ոգով եւ խնդիրներ լուծող մասնագետներ են, ովքեր, սակայն, տեխնոլոգիական հմտությունների կարիք ունեն: Երկրորդ խումբը բաղկացած է այն մասնագետներից, ովքեր հրաշալի տիրապետում են տեխնոլոգիային, սակայն փորձառության եւ առաջնորդական հմտությունների պակաս ունեն: Կարեւոր է գիտակցել, որ այս երկու կարողությունների առկայությունն անհրաժեշտ է նախագծերի արդյունավետ կառավարման համար:

- Կխնդրեի առանձին անդրադառնաք ֆինանսական եւ, մասնավորապես, հայաստանյան բանկային համակարգին: Ձեր կարծիքով, այստեղ ապահովվա՞ծ է նախագծերի կառավարման պատշաճ մակարդակը:

- Հայաստանյան ֆինանսական ոլորտում առավել կայացած է համարվում բանկային համակարգը, որտեղ նկատվում են որոշակի մրցակցություն եւ կառավարման նոր մեթոդների ներդրման միտումներ: Սակայն, իմ կարծիքով, այստեղ եւս շատ անելիքներ կան նախագծերի կառավարման արդիական մշակույթի զարգացման առումով: Ովքե՞ր պետք է զարգացնեն այդ մշակույթը. իհարկե,  համապատասխան գիտելիքներ եւ գործնական հմտություններ ունեցող ոլորտի մասնագետները:

Ուրախալի է, որ առկա է խնդրի գիտակցում. այն արտահայտվեց, մասնավորապես, Նախագծերի կառավարման միջազգային օրվան նվիրված համաժողովի ձեւաչափով:

Կենտրոնական բանկը՝ որպես ֆինանսական հատվածի զարգացման եւ կայացման առաջատար, պարբերաբար վերապատրաստում է իր աշխատակիցներին: Այսօր էլ ԿԲ մասնագետներից մի քանիսը դիմում են PMP հավաստագրի ձեռքբերման:

Ի դեպ, 2014-ի ընթացքում բանկային համակարգում աշխատող PMP-ների քանակն ավելացել է երեքով: Համոզված եմ, որ այդ միտումը նոր թափ կառնի գալիք տարում:

- Շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը Հայաստանում բարեգործական նախագծերի կառավարման վերաբերյալ:

- Անշուշտ, կան որոշակի առանձնահատկություններ, որոնք տարբերակում են բարեգործական նախագծերը, այսպես կոչված, բիզնես նախագծերից: Կան առանձին հաջողված նախագծեր եւ ծրագրեր, ինչպես, օրինակ, «IDeA» հիմնադրամի՝ Տաթեւի եւ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրերը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս ոլորտում եւս շատ անելիքներ կան նման նախագծերի կառավարման մշակույթ ստեղծելու եւ Հայաստանում արմատավորելու առումով:

- Դուք Հայաստանում PMP առաջին որակավորված մասնագետն եք: Ասացեք, խնդրեմ, որո՞նք են այդ որակավորման հիմնական առավելությունները:

- Այսօր PMP որակավորումը աշխարհում նախագծերի կառավարման ոլորտում ամենահեղինակավորն է եւ պահանջվածը: Ըստ այդմ, այն լուրջ առավելություններ է տալիս՝ հեղինակություն եւ ճանաչում ոլորտի մասնագետների շրջանում, մասնագիտական աճի նոր հեռանկարներ, ավելի հետաքրքիր նախագծեր եւ ծրագրեր ղեկավարելու հնարավորություն:

Նշեմ նաեւ, որ կան այդ բարձր որակավորումը կրողների գրված եւ չգրված մասնագիտական կանոններ՝ իր գործունեությամբ նպաստել հասարակության բարեկեցության աճին, կայուն զարգացմանը, նախագծերի կառավարման գիտելիքների տարածմանը, մասնագիտության վարկի եւ հեղինակության բարձրացմանը եւ համապատասխան մասնագիտական մշակույթի արմատավորմանը:

Միքայել Նշանյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 4235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai