Կառավարման մատրիցա եւ հինգերորդ էլեմենտ

25.11.2014 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Օրերս Կոնվերս Բանկի ղեկավար անձնակազմը մասնակցեց «Կառավարման մատրիցա եւ հինգերորդ էլեմենտ»  խորհրդավոր վերնագրով սեմինարին: Այն նվիրված էր բիզնես կառավարման եւ անձնակազմի հետ աշխատելու նոր այլընտրանքային մի ուղղության, որը աշխարհին հայտնի է Քոուչինգ անվան տակ:

Սեմինարը վարեց Կոնվերս Բանկի խորհրդատու, նախկինում նույն բանկի PR մենեջեր, հեռուստահաղորդավար Ռուզան Մելյանը:

Banks.am-ը զրուցեց Ռուզան Մելյանի հետ՝ մանրամասներին տեղեկանալու համար:

- Ի՞նչ է քոուչինգը եւ ինչո՞վ է այն տարբերվում բիզնես կառավարման ավանդական ձեւից:

- Եթե շատ կարճ պատասխանեմ՝ ապա քոուչինգը կարելի է որակել որպես քվանտային թռիչք բիզնեսների զարգացման գործում: Այնպես, ինչպես մեխանիկան է տարբերվում քվանտային ֆիզիկայից, այնպես էլ տարբերվում են ավանդական դիրեկտիվ կառավարումն ու քոուչինգային մոտեցումը:

- Քոուչինգը շատերին ծանոթ է որպես խորհրդատվության ժամանակակից մի ձեւ, որը թույլ է տալիս բացահայտել մարդու թաքնված ներուժը:

- Կա այդպիսի թյուր կարծիք, որ քոուչինգը խորհրդատվության պես մի բան է: Հայտնի է նաեւ, որ «քոուչ» անգլերեն նշանակում է մարզիչ: Քոուչինգը իսկապես սկիզբ է առել սպորտից՝ շնորհիվ թենիսի աշխարհահռչակ մարզիչ Թիմոտի Գոլվիի: Սակայն Գոլվիի մեթոդը սկզբունքորեն տարբերվում էր ավանդական ձեւերից: Այն որեւէ կերպ չէր ենթադրում ո՛չ խորհրդատվություն, ո՛չ էլ առավել եւս սեփական փորձի ցուցադրում: Քոուչինգային մեթոդի հիմնադիրը, որի սաներին հաջողվում էր սահմանել ցնցող, չլսված ու չտեսնված ռեկորդներ, իր այդ մեթոդը բնութագրում էր որպես մարդկային կանոններին չենթարկվող ուրույն «ներքին խաղ»:

Գոլվին իր այդ նոր մեթոդի շնորհիվ անում էր այնպես, որ մարզիկը դուրս էր մղվում իր եւ ուրիշների նախորդ փորձի, հին մտածելակերպի, ընդունված կարծրատիպերի, ենթագիտակցությամբ թելադրված սահմանափակող համոզմունքների դաշտից եւ հայտնվում էր այնպիսի գերբնական իրավիճակում, ուր հնարավոր էր դառնում այն ամենն, ինչ մինչ այդ թվում էր անհնարին:

- Եվ ո՞րն էր գաղտնիքը:

- Գաղտնիքն այն էր, որ Գոլվին հրահանգներ տալու փոխարեն տալիս էր զարմանալի հարցեր: Քոուչինգն աշխատում է հարցերի միջոցով: Այնպիսի հարցերի, որոնք բացում ու ընդլայնում են մարդու գիտակցությունը, ոգեւորում, անսահման հավատ են ներշնչում սեփական կարողությունների նկատմամբ եւ գործողության մղում:

- Արդյո՞ք դա նշանակում է, որ քոուչինգը հարցեր տալու հատուկ տեխնոլոգիա է, որն ուղղված է նոր գաղափարների, նոր լուծումների եւ արդյունքների ձեռքբերման:

- Քոուչինգն իսկապես ուղղված է նոր արդյունքների, որոնք հաճախ ձեռք են բերվում ռիսկային թվացող նոր գաղափարների իրագործման շնորհիվ: Սակայն, այս նոր մոտեցումն ունի մի կարեւոր նրբություն՝ քոուչինգի մեջ մարդն ավելի կարեւոր է, քան արդյունքները: Դա գալիս է քոուչինգի փիլիսոփայությունից, որը չափազանց մարդասիրական է: Ընդհանրապես, քոուչինգն աշխատում է միայն այն կազմակերպություններում, որտեղ կարեւորվում են մարդկային հարաբերությունները: Իսկ քոուչինգային դպրոցի հիմքը՝ քոուչինգ իրականացնողի անձնային հասուն որակներն են, որոնք այլ կերպ կոչվում են անձնային կոմպետենցիաներ:

- Իսկ եթե անձնային կոմպետենցիաները բավարար մակարդակի վրա չեն, հնարավոր չէ՞ տիրապետել քոուչինգային տեխնոլոգիաներին:

- Տեխնոլոգիաներ կարող է սովորել ցանկացած մարդ, սակայն կիրառման դեպքում դրանք պարզապես չեն աշխատի: Անվստահության, թերահավատության, սկեպտիկ կամ դատողական ու քննադատական մտածելակերպի մեջ գտնվելով կամ սեփական փորձն ու կարծիքները թելադրելու, կոնկրետ լուծումներ պարտադրելու ու շարունակ վերահսկելու պայմաններում մարդուն հնարավոր չէ ոգեւորել այնպես, որ ռեկորդներ սահմանի, անգամ եթե տեխնոլոգիաներին գերազանց տիրապետում ես:

- Իսկ անձնային կոմպետենցիաներն ինչպե՞ս կարելի է զարգացնել: Արդյո՞ք բոլորին է դա հասանելի:

- Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ձեւավորվել է այն գիտակցությունը, որ անհնարին ոչինչ չկա: Քոուչինգ իրականացնողին անհրաժեշտ անձնային կոմպետենցիաներն էլ նորություն չեն: Դրանք պարզ մարդկային որակներ են՝ անսահման հավատ մարդու հանդեպ, չդատելու ունակություն, ավելի շատ ալտրուիստական քան էգոիստական դրսեւորումներ, հոգատարություն, բարյացակամություն, դիմացինին լսելու, հասկանալու, ըմբռնելու, երբեմն նաեւ լռելու կարողություն եւ այլն:

- Վերադառնանք բիզնես մենեջմենթին: Քոուչինգային մոտեցման ամենակարեւոր արդյունքը ո՞րն եք համարում: Ի՞նչը կարող է շահագրգռել մեր բիզնես ղեկավարներին, որ սկսեն կիրառել քոուչինգ մոտեցումը:

- Ամենակարեւոր արդյունքը, որը ստեղծվում է քոուչինգային մթնոլորտում, դա առանցքային աշխատակիցների ինքնամոտիվացումն է: Հայտնի է, որ ցանկացած կազմակերպության հաջողություն կախված է մի խումբ կարեւոր առանցքային մասնագետներից, որոնց կազմակերպությունում պահելու համար ղեկավարները ջանք ու միջոց չեն խնայում: Նման մասնագետները լավ գիտեն իրենց գինը: Ավելին, որպես կանոն, նման մարդիկ կանգ չեն առնում եւ շարունակ ձգտում են էլ ավելի զարգանալ: Լճացման պայմաններում նրանք արագ կորցնում են տվյալ կազմակերպությունում գտնվելու իրենց հետաքրքրությունը եւ սկսում են նոր հնարավորություններ փնտրել, եթե անգամ աշխատավարձ բարձրացնեք կամ նոր պաշտոն խոստանաք: Քոուչինգային մոտեցումը հենց այդ մարդկանց հետ աշխատելու համար է, քանի որ քոուչինգը ստեղծում է փոխվստահության սիներգիկ մթնոլորտ՝ ինչը բարձր գիտակցությամբ օժտված մարդկանց ինքնամոտիվացման կարեւորագույն խթաններից է:   

Banks.am

Դիտում՝ 4467
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai