Սուրեն Հայրիյանը Հայաստան է բերում ֆրանսիական Tempo Money Transfers-ը

17.11.2014 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Unistream համակարգի նախկին նախագահ Սուրեն Հայրիյանը նախատեսում է 2015 թ-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործարկել Tempo Money Transfers դրամական փոխանցումների համակարգը՝ ֆրանսիական Tempo France SAS ընկերության կողմից տրամադրվող ծառայությունը:

Այսօր Սուրեն Հայրիյանը E-Ventures Associates Ltd-ի հիմնական բաժնետերերից մեկն է: Հենց այդ բրիտանական ընկերությանն է պատկանում Tempo France SAS-ի 75%-ը: Հայրիյանը նաեւ այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եւ համակարգում է վերջինիս միջազգային զարգացման ուղղությունը:

«Tempo France SAS-ը ֆրանսիական ընկերություն է, որն ունի համաեվրոպական լիցենզիա եւ Գերմանիայում լիցենզավորված մասնաճյուղ: Հիմնական ուղղությունը Ֆրանսիայից ու Գերմանիայից կատարվող դրամական փոխանցումներն են դեպի իրենց դոնոր-երկրները: Այս տեսակետից Հայաստանը մեր համար առանձնահատուկ շուկա է: Հայաստանն ու Ֆրանսիան ավանդական գործընկերներ են, ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային առումներով: Այս եվրոպական երկրում գրեթե մեկ միլիոնանոց հայ համայնք կա: Ուստի Ֆրանսիա-Հայաստան ուղղությունը մեծ ներուժ է կրում իր մեջ», - ասել է Սուրեն Հայրիյանը Banks.am-ին տված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա «իհարկե, մի կողմից այնտեղ մեր հայրենակիցները ավելի փոքրաթիվ են, բայց, մյուս կողմից, այնտեղի հայերը շատ ակտիվ են. նրանք ամուր կապեր ունեն հայրենիքի հետ եւ դեպի Հայաստան գումար փոխանցելու ծառայությունների կարիք ունեն»:

Այդ կապակցությամբ Գերմանիա-Հայաստան ուղղությունը, ինչպես նշել է Սուրեն Հայրիյանը, դիտարկվում է եւս որպես հետաքրքիր ուղղություն, հատկապես հաշվի առնելով Հայաստանի բնակչության կողմից դեպի Գերմանիա գումար փոխանցելու պահանջարկը, հիմնականում փոքր բիզնեսի կարիքների, մասնավորապես՝ ավտոմեքենաների վաճառքով զբաղվողների համար:

«Աշխատելու համար բավականին լայն դաշտ է բացված: Հաճախորդները եվրոպական որակ են ակնկալում եւ ավելի հասանելի սակագներ, քան առաջարկվում են գլոբալ օպերատորների կողմից: Եվ դա հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք առաջարկել»,- ընդգծել է Սուրեն Հայրիյանը:

«Ֆրանսիայի ու Գերմանիայի համար հիմնական ուղղություններից բացի մենք ակտիվորեն սկսել ենք ներգրավել գործակալների, որոնք միտված են աշխատել հետխորհրդային տարածքի հաճախորդների եւ, մասնավորապես, հայկական սփյուռքի հետ, որպեսզի մեր ծառայությունները հասանելի լինեն ոչ միայն գնի տեսակետից, այլեւ ցանցի լայն ծածկույթի»,-ասել է Tempo France-ի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, ծավալի առումով Ֆրանսիա-Հայաստան ու Գերմանիա-Հայաստան ուղղությունները, տարբեր գնահատականներով, կազմում են դեպի Հայաստան դրամական փոխանցումների շուկայի մոտ 7%-ը, իսկ ամբողջ շուկայի ծավալն այսօրվա դրությամբ տարեկան մոտ $1,6 մլրդ է:

«Մարտավարական տեսակետից Tempo Money Transfers նախագիծը ենթադրում է աշխատանք Հայաստանի բոլոր բնակավայրերում: Մենք նախատեսում ենք այս հատվածում առաջատարի դիրք զբաղեցնել, քանի որ Tempo Money Transfers-ը եվրոպական մակարդակի ծառայություններ է առաջարկում, լավ պատկերացնելով հաճախորդների կարիքները: Այդ համադրությունը մեզ հաջողություն ունենալու մեծ հնարավորություններ է տալիս: Նախատեսվում է նաեւ դրամական փոխանցումներ իրականացնել Հայաստանից դեպի Գերմանիա ու Ֆրանսիա», - հայտնել է Սուրեն Հայրիյանը:

Հայաստանում գործընկերների թվում Tempo Money Transfers-ը դիտարկում է Unistream դրամական փոխանցումների համակարգը: Հայրիյանը հատուկ շեշտեց իր կողմից մոտ 12 տարի ղեկավարած Unistream-ի հետ համագործակցության հեռանկարները:

«Unistream-ի փոխանցումները Հայաստանում պարզապես ծառայություն չեն, այլ յուրատեսակ բարի ավանդույթ: Հենց այդ պատճառով, կարծում եմ, երկու համակարգերը կարող են ռազմավարական գործընկերներ դառնալ եւ միասին աշխատել ի նպաստ մեր հայրենիքի», - ասաց Սուրեն Հայրիյանը Banks.am-ին:

Դիտում՝ 10862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai