Հայ գիտնականը վենչուրային հիմնադրամ է փնտրում իր գյուտերի համար

28.10.2014 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ինժեներ-հետազոտող Արմեն Ադամովը երեք տարի առաջ է վերադարձել Հայաստան եւ այս ընթացքում մշակել պիրոլիզային վառարանների գաղափարը (Ադամովի վառարան), որի արդյունքում ջերմոցների տաքացման համար ծախսերը առնվազն կրկնակի պակասում են:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Արմեն Ադամովը, 50 պիրոլիզային արտադրամասեր բացելու պարագայում Հայաստանում 2-3 տարվա ընթացքում 1000-ից ավել նոր աշխատատեղեր կարող են բացվել:  

Նա նշել է, որ նման մեկ արտադրամաս բացելու համար հարկավոր է $50-100 հազ.:

Ադամովի վառարանի հիմքում ընկած է պիրոլիզային գործընթացը: Պիրոլիզը ջերմաստիճանի ներգործությամբ եւ առանց թթվածնի նյութերի կազմալուծման գործընթաց է: Հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ ցանկացած աղբ վառարանում կարող է ամբողջովին եւ առանց ծխի այրվել:

Այդօրինակ վառարաններում հնարավոր է այրել ամեն ինչ, ընդհուպ մինչեւ 10 ժամ շարունակ առանց ծխի այրել անվադողեր: Ըստ գյուտարարի, այն ստեղծված է գիտական բազայի հիման վրա եւ չունի նմանօրինակ:

Արմեն Ադամովը նման սկզբունքով աշխատող 4 վառարան է պատրաստել, բայց այս պահին նորարարությունը զարգացնելու եւ հետագա քայլերին անցնելու համար աջակիցների կարիք ունի:

«Ցանկանում եմ մարդկանց ապացուցել, որ կենցաղային աղբի 50-70%-ը հիանալի վառելանյութ է: Հավանաբար տեղյակ եք, որ գազի կալորիականությունը Հայաստանում գնալով նվազում է, եւ հատկապես ձմռանը ջերմոցները վնասով են աշխատում: Իմ նպատակն է ստեղծել Ադամովի վառարանների արտադրություն, որի ամբողջական նկարագրությունը կարելի է գտնել կայքում գրված իմ հոդվածներում: Պատրաստվում ենք վառելանյութի ծախսը պակասեցնելով ստեղծել ոչ շատ մեծ ծավալի եւ առավել մատչելի արժեքով պիրոլիզային վառարաններ, որոնք  մասնավոր ձեռնարկատերերը կկարողանան ձեռք բերել եւ օգտագործել` վերամշակելով աղբը»,- նշել է Ադամովը:  

Արմեն Ադամովը նշում է, որ կես տարի է անհրաժեշտ նկատելի արդյունքի հասնելու համար, իսկ արդեն մեկ տարի հետո հնարավոր է հետ բերել ներդրված գումարները:

«Տվեք ինձ որեւէ ջերմոց, որտեղ ես կարողանամ աղբի մասնակի վերամշակման համար կետ ստեղծել: Ամբողջ ընթացքում ջերմոցն ամբողջովին մաքուր է մնում: Այդ օրինակով ես ցույց կտամ իմ նորարարությունների արդյունավետությունը»,- ասել է Ադամովը` հավելելով, որ  կարող է նույն գյուտը ներկայացնել նաեւ այլ երկրներում, բայց ցանկանում է առաջին քայլը հենց հայրենիքում անել:

Ինժեներ-հետազոտողի խոսքով, իր մյուս հայտնագործությունները կյանքի կոչելու համար իրեն  լաբորատորիա եւ հատուկ պայմաններ են անհրաժեշտ. հենց այդ նպատակով էլ փնտրում է վենչուրային հիմնադրամ, որը կհետաքրքրվի իր նորարարական գաղափարներով:

Նարինե Դանեղյան

Դիտում՝ 9343
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai