Նիք Սպանոսը մտադիր է բիթքոինի բանկոմատ ներմուծել Հայաստան

08.02.2018 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Նիք Սպանոս #Blockchain Technologies Corporation #բիթքոին բանկոմատ
Բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը Banks.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է բիթքոինի բանկոմատ ներմուծել Հայաստան:

«Ամբողջ աշխարհում բիթքոինի կանխիկացման հազարավոր բանկոմատներ են գործում: Ես ինքս բանկոմատ արտադրող գործարան ունեմ: Մենք փնտրում ենք Հայաստանից գործընկերոջ, որի հետ միասին կաշխատենք առաջին բանկոմատը երկիր բերելու ուղղությամբ: Հայաստան իմ այցի ընթացքում այս թեմայով բազմաթիվ հանդիպումներ ունեցանք»,- ասել է Նիք Սպանոսը:

Նա ընդգծել է, որ բանկոմատը կատարելու է երկու հիմնական գործառույթ:

Բիթքոին գնելու համար պետք է սարքի մեջ տեղական արժույթ մուտք անել, ստեղծել դրամապանակ եւ գնել բիթքոին, այսինքն՝ այն ներբեռնել ձեր վիրտուալ դրամապանակ:

Բանկոմատը թույլ է տալու նաեւ վաճառել բիթքոինը՝ փոխարենը ստանալով տեղական արժույթ:


Նիք Սպանոսը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է բլոքչեյնի եւ կրիպտոարժույթների ապագային:

«Սա ապագա է, որն առաջնորդվում է միայն հասարակ մարդկանց օրակարգով: Մենք եկել ենք այստեղ՝ բացահայտելու կրիպտոարժույթներով «հավասարը հավասարին» (peer-to-peer) գործարքների ներուժը»,- ասել է Նիք Սպանոսը:

Փորձագետը մինչեւ բիթքոին գնելը խորհուրդ է տվել նախ պատկերացում կազմել, թե ինչպես է այն աշխատում: Նրա խոսքով՝ հարկավոր է անել ավելին՝ կրիպտոարժույթների մասին հասարակությանն իրազեկելու հարցում:

«Կրիպտոարժույթները տեխնոլոգիաներ են, որոնք եկել են, որպեսզի մնան: Որքան էլ բիթքոինն անկում ապրի, արդյունքում՝ տատանումներն ավելի շատ դեպի վեր կլինեն, քան վար»,- ասել է նա:

Խոսելով Հայաստան ժամանելու դրդապատճառների մասին՝ Նիք Սպանոսն ասել է, որ իրեն այստեղ է բերել հետաքրքրությունը:

«Հայաստան գալու ցանկություն առաջացավ, քանի որ տեսնում էի, թե ինչպես են հայերը բազմիցս հաղթում շախմատի օլիմպիադաներում: Փոքր երկիր, որտեղ մի քանի միլիոն մարդ է ապրում՝ ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է հայերի մոտ ստացվում նման հաջողությունների հասնել»,- պատմել է նա:  

Նիք Սպանոսը Երեւան էր այցելել 2018թ. հունվարի վերջին: 2013թ. նա Նյու Յորքում հիմնել է Բիթքոին կենտրոնը՝ որպես բիթքոինի ֆիզիկական փոխանակման առաջին հաստատություն, որը տեղակայված է անմիջապես Նյու Յորքի ֆոնդային բորսայի հարեւանությամբ:

Նարինե Դանեղյան
Դիտում՝ 14819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai