Գերման Գրեֆը չի սիրում բանկերը, իսկ քարտերը նախնադար է համարում

21.12.2017 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #Գերման Գրեֆ
Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը բանկի աշխատակիցների հետ այսօր անցկացրած ուղիղ կապի ժամանակ պատրաստակամություն է հայտնել կառուցել երկրում եւ աշխարհում լավագույն կազմակերպություններից մեկը, որը կկարողանա արձագանքել ժամանակի մարտահրավերներին:
 
Ներկայացնում ենք Սբերբանկի ղեկավարի առավել հետաքրքիր պատասխանները, որոնք ընտրել ենք Banki.ru կայքի հրապարակումներից:
 
*****
Ես բանկային քարտերի մեծ սիրահար չեմ, դրանցից հարկադրված եմ օգտվում եւ հիմնական վճարումներս արդեն կատարում եմ Apple Pay-ով: Երազում եմ այն պահի մասին, երբ գրպանումս այլեւս քարտ չի լինի, քանի որ դա համարում եմ նախնադար:
 
*****
2018-ին Սբերբանկը կռոբոտացնի կանխիկի շրջանառության կենտրոնների 30%-ը: Զանգվածային ռոբոտացման գործընթացն արդեն մեկնարկել է: Սակայն աշխատակիցները չպետք է անհանգստանան, թե իրենց աշխատատեղերը կարող են ռոբոտները զբաղեցնել, քանի որ նրանք ժամանակ ունեն վերափոխվելու համար: Մեր վարքագիծը պետք է ադեկվատ լինի, մենք բավականաչափ ճկուն ենք, եւ վաղը ռոբոտները չեն գա ու խնդրի մեր աշխատատեղերը:
 
*****
Մենք ներդրել ենք բլոկչեյնով ամենաշատ նախագծերը: Ճիշտ է, դրանք բոլորը դեռեւս փորձարկման ռեժիմում են: Փորձարկումներ շատ ենք անում: Հնարավոր է, որ 2018-ին կարողանանք որոշ պրոդուկտներ գործնականում ներդնել: Բլոկչեյն տեխնոլոգիան մեր թիրախներից մեկն է: Այս տեխնոլոգիայի ներդրման հեռանկարը գնահատում եմ 8-10 տարի:

*****
Առաջին անգամ չեմ ասում, որ չեմ սիրում բանկերն ու բանկիրներին: Եթե վաղը նրանք բոլորը չլինեն, ես չեմ տխրի: Հարցն այն է՝ որքանով ենք մենք պատրաստ դադարել լինել այդ բանկերն ու բանկիրները, եւ անցնել էկոհամակարգերին: Եթե բանկինգի նման ծառայությունը մեր հաճախորդներին այլեւս հարկավոր չլինի, մենք այն չենք մատուցի: Մենք պետք է լինենք ջրի նման, պատրաստ՝ մատուցելու շուկայում պահանջված ցանկացած ծառայություն: Մեր առաքելությունն է կառուցել ճկուն կազմակերպություն, որն ի վիճակի է հաճախորդին տրամադրել լավագույն սպասարկումը: Եթե այսօր դա բանկինգն է, մենք բանկ ենք, եթե վաղը դա լինի էլեկտրոնային առեւտրի ծառայությունների մատուցումը, մենք կզբաղվենք դրանով, իսկ եթե մի օր այն դառնա ինտելեկտուալ սեփականության ստեղծման ծառայություն, մենք կտեղափոխվենք այդ դաշտ: Մենք կկառուցենք մեր երկրում եւ աշխարհում լավագույն կազմակերպություններից մեկը, որը կկարողանա արձագանքել ժամանակի մարտահրավերներին, կազմակերպություն, որով կհպարտանան այնտեղ աշխատող մարդիկ, հաճախորդներն ու երկրի քաղաքացիները:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 36324
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai