Ռուսաստանյան ֆինտեխ ընկերությունը ձեռնոց է նետում բանկերին

15.12.2017 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#P2P վարկավորում #SimplyFi #big data
Ռուսաստանյան SimplyFi տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է P2P (peer-to-peer, հավասարը հավասարին - խմբ.) հարթակով ՓՄՁ-ներին առանց գրավի ակնթարթային վարկավորման ծրագիրը:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս ցանկացած ռուսաստանյան ընկերության դիմել եւ ստանալ մինչեւ 300 հազ. ռուբլի (մոտ $5000 - խմբ.) վարկ մասնավոր ներդրողներից՝ հեռահար կարգով եւ հայտի լրացման ամբողջությամբ թվայնացված գործընթացով: Միջոցները կարող են փոխանցվել ցանկացած բանկային հաշվի:

Վարկը նախատեսված է փոքր բիզնեսի ընթացիկ պահանջները բավարարելու, այդ թվում՝ շրջանառու կապիտալի համալրման եւ կանխիկի պակասի ծածկման համար:


«Մեծ տվյալների» (big data) վերլուծության վրա հիմնված սքորինգային համակարգի միջոցով հայտերի վերաբերյալ որոշումը կայացվում է ավտոմատ, 2 ժամվա ընթացքում: Հայտ ներկայացնելու համար ընկերությանն անհրաժեշտ է ունենալ միայն հարկ վճարողի հաշվառման համարը եւ շրջանառության վերաբերյալ տեղեկանք: Հայտը տեղադրելուց հետո SimplyFi-ը երաշխավորում է միջոցների 100%-անոց հավաքագրում:

Սքորինգի իր ալգորիթմը մշակելու համար SimplyFi-ը վերլուծել է ՓՄՁ հատվածի հազարավոր հաճախորդների 50 ֆինանսական պարամետրերով, ինչի շնորհիվ կարողանում է գնահատել ընկերության վարկունակությունը:

«Փորձը ցույց է տալիս, որ ներկայում բանկերը հետաքրքրված չեն ՓՄՁ-ներին կարճաժամկետ եւ փոքր ծավալի վարկերի տրամադրմամբ՝ դրա ծախսատարության պատճառով, հետեւաբար՝պահանջարկի մի զգալի մաս մնում է չբավարարված: Ֆինտեխի եւ ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների զարգացման շնորհիվ այս շուկան սկսում է արագ զարգանալ»,- նշել է SimplyFi ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բասենկոն:

SimplyFi ընկերությունը SimpleFinance խմբի անդամ է, որը հիմնադրվել է 2015-ին եւ առաջարկում է ֆինանսական պրոդուկտների յուրահատուկ շարք ռուսաստանյան ՓՄՁ-ների համար: SimplyFi-ի ներկայացուցիչները ներգրավված են Կենտրոնական բանկի աշխատանքային խմբում եւ մասնակցում են ապագայում Ռուսաստանում P2P հարթակների համար կարգավորման մեխանիզմների ձեւավորմանը եւ փորձարկմանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 31649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo