Կրիպտոարժույթի փոխարժեքը՝ իրականությունից մինչեւ ֆեյք լուրեր

15.11.2017 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Կրիպտոարժույթ #բիթքոին
Բիթքոինի փոխարժեքը նոյեմբերի սկզբից ենթարկվել է կտրուկ փոփոխությունների՝ հաշված օրերի ընթացքում բարձրանալով 1000 դոլարով, այնուհետ անկում ապրելով ավելի քան 1600 դոլարով: Այսպես, եթե նոյեմբերի 1-ին բիթքոինի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում էր մոտ $6,5 հազ., ապա արդեն նոյեմբերի 5-ին այն կազմում էր $7,5 հազ., իսկ նոյեմբերի 12-ին անկում ապրեց մինչեւ $5,9 հազ. եւ կրկին սկսեց բարձրանալ:

Ինչի՞ց է կախված կրիպտոարժույթի փոխարժեքը. «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը ներկայացրել է պատասխանի իր տարբերակը: Առանձնացրել ենք նյութի առավել հետաքրքրական հատվածները:

Ինչպե՞ս է ձեւավորվում կրիպտոարժույթի փոխարժեքը

Կրիպտոարժույթի փոխարժեքի վրա ազգում է միայն պահանջարկը: Այն կախվածություն չունի որեւէ արժույթից, նավթի գնից կամ այլ ակտիվներից: Որպեսզի թվային արժույթը ձեւավորի եւ ավելացնի իր գինը, անհրաժեշտ է, որպեսզի այն գնեն: Եվ հակառակը, եթե ներդրողները համատարած վաճառեն կրիպտոարժույթը, դրա փոխարժեքը կընկնի:

Ի՞նչն է ազդում պահանջարկի եւ գնի վրա

Թվային արժույթի փոխարժեքի վրա կարող է ազդել դրա դիրքերի ամրապնդումն իրական կյանքում: Այսպես, 2017թ. գարնանը բիթքոինը սկսեց զգալիորեն աճել (կային ժամանակահատվածներ, երբ այն օրական աճում էր $100–200-ով): Այս աճը փորձագետները բացատրում են ասիական երկրներից թրեյդերների ներհոսքով: Ճապոնիայում ընդունվեց կրիպտոարժույթների կարգավիճակի մասին օրենք (կրիպտոարժույթներն օրինականացրած առաջին երկիրն է), եւ այն ներդրողները, որոնք նախկինում չէին համարձակվում ռիսկի դիմել, սկսեցին իրենց ավելի վստահ զգալ:

Եվ ընդհակառակը, կրիպտոարժույթի եւ ICO-ի արգելման մասին լուրերը մի շարք խոշոր երկրներում հանգեցրին դրա փոխարժեքի համատարած եւ միաժամանակյա անկման:

Փոքր կրիպտոարժույթները մեծապես կախված են «հասարակական կարծիքից»: Մասնավորապես, 2017թ. գարնանը Ethereum-ի փոխարժեքը մեկ գիշերվա ընթացքում կտրուկ անկում գրանցեց դրա հիմնադրի՝ Վիտալիկ Բուտերինի մահվան վերաբերյալ ֆեյք լուրի հետեւանքով: Հաջորդ օրը Բուտերինը սոցցանցերում հերքում տարածեց, եւ փոխարժեքը վերականգնվեց:

Իսկ բիթքոինի՝ նոյեմբերին արձանագրված անկումը պայմանավորված է նրանով, որ թրեյդերները սկսել են ներդրումներ կատարել Bitcoin Cash-ի մեջ: Դասական բիթքոինն ունի երկու ինքնուրույն «դուստր» կրիպտոարժույթ՝ Bitcoin Gold եւ  Bitcoin Cash: Ընդամենը մեկ ուիքենդի ընթացքում Bitcoin Cash-ն աճել է 40%-ով:

«Ինչ փոխարժեքով էլ գնեք բիթքոին, դուք պետք է հասկանաք, որ առաջիկա շաբաթների (կամ նույնիսկ՝ օրերի) ընթացքում կարող եք ինչպես մի քանի հազար դոլար աշխատել, այնպես էլ կորցնել նույնքան կամ ավելի մեծ գումար»,- գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 38915
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai