Երեւանում քննարկվել են բլոկչեյնի զարգացման հեռանկարները

24.10.2017 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Արման Ալեքսանյան #Գագիկ Եղիազարյան #Մանուկ Հերգնյան
Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի (Blockchain R&D Hub) համահիմնադիր Արման Ալեքսանյանն այսօր ասել է, որ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառությունը կբարձրացնի գործարքի կողմերի միջեւ վստահությունը եւ կնվազեցնի միջնորդների դերը:

Այս մասին Արման Ալեքսանյանն ասել է «Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» թեմայով քննարկման ժամանակ:

«Բլոկչեյնն ապահովում է վստահություն գործարքի երկու կողմերի միջեւ: Սա սկզբունքային նշանակություն ունի ցանկացած հարաբերության ժամանակ, հատկապես այն դեպքերում, երբ կողմերն իրար չեն ճանաչում եւ ստիպված են դիմելու երրորդ կողմի միջնորդությանը»,- նշել է նա:


Արման Ալեքսանյանի խոսքով՝ այս տեխնոլոգիայի նկատմամբ պահանջարկն առկա է ինչպես աշխարհում, այնպես էլ տեղական ընկերությունների շրջանում, որոնք փորձում են կիրառել կամ ուսումնասիրում են այս տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունն իրենց ոլորտում:

Blockchain R&D Hub-ն արդեն իսկ մշակել եւ մի քանի ամիս առաջ թողարկել է թվային ակտիվների շրջանառման առաջին հարթակը՝ DECENT-ը, իսկ ներկայում աշխատում է եւս մեկ հարթակի՝ PUBLIQ մեդիամիջավայրի ստեղծման ուղղությամբ:

«Բլոկչեյնի ամենահայտնի նախագծերից մեկը բիթքոինն է, այդ պատճառով այս տեխնոլոգիան շատերի մոտ ասոցացվում է հենց ֆինտեխի հետ: Այս առումով շատ է քննարկվում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հնարավորությունը: Բլոկչեյն հարթակում գործարքի մասնակիցների մասին տվյալները պահվում են գաղտնի, եւ մտավախություններ են առաջանում, թե գործարքները կարող են լինել օրենքի դաշտից դուրս: Սակայն, ըստ իս, դա փոքր տեխնիկական խնդիր է եւ կլուծվի 1 տարվա ընթացքում. որոշ տնտեսություններում արդեն քննարկում են կարգավորման մեխանիզմներ: Ի վերջո, բլոկչեյնի նպատակն անօրինական գործարքների համար դաշտ դառնալը չէ, այլ ստեղծել գործիք, որով կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել գործընթացները»,- ընդգծել է նա:

Նույն կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Եղիազարյանն էլ կարծում է, որ այլ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա նվազեցնել բլոկչեյնի հետ կապված ռիսկերը:

«Բլոկչեյնն այսօր գոյություն ունեցող ամենաթափանցիկ համակարգերից է, որտեղ փողերի լվացման կամ այլ անօրինական գործարքի դեպքում կոնկրետ անձին գտնելը, կիրառելով նաեւ արհեստական բանականություն, շատ ավելի հեշտ է, քան հնարավոր է գործող դաշտում: Այս տեխնոլոգիայից օգտվելիս դու քո հետեւից թողնում ես այնպիսի մի հետագիծ, որը երբեք չես կարող ջնջել»,- նշել է նա:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանն էլ շեշտել է բլոկչեյն տեխնոլոգիաների՝ փողի ստեղծման գործում հնարավոր մեծ դերը:
 
«Գործարքների կնքման՝ աշխարհում գոյություն ունեցող բոլոր վստահության մեխանիզմները ներառում են որեւէ երրորդ կողմի: Դրամական փոխանցումների ժամանակ, օրինակ, այդ դերում հանդես է գալիս բանկը: Մինչդեռ բլոկչեյն տեխնոլոգիան թույլ է տալիս ապահովել գործարքի թափանցիկությունը՝ շրջանցելով միջնորդներին: Սա ֆունդամենտալ հարց է եւ հենց դրանով են պայմանավորված կենտրոնական բանկերի մտավախությունները»,- նշել է նա:

Անդրադառնալով բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն դառնալու Հայաստանի հեռանկարներին՝ նա նշել է, որ դրա մասին խոսելը փոքր-ինչ վաղ է եւ անհրաժեշտ է ունենալ որոշակի բազա՝ նման հավակնությունների գնալու համար:

«Տեխնոլոգիաների եւ լուծումների այս ծայրահեղ արագ փոփոխվող միջավայրում միակ իրական ստրատեգիան սկզբնական փուլում շատ փորձեր իրականացնելն է, այնուհետեւ հասկանալը՝ որն է իսկապես գործում եւ այդ կենսունակ նախաձեռնությունները մասսայականացնելը: Հայաստանի դեպքում հարկավոր է հնարավորինս շատ փորձարկումներ կատարել՝ իսկապես մասնակից լինելու համաշխարհային հեղափոխական պրոցեսներին: Մեր գնահատականներով՝ բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր տնտեսական ազդեցությունը Հայաստանում կարող է հասնել տարեկան մինչեւ $220 մլն-ի»,- ընդգծել է Մանուկ Հերգնյանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 34552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo