Ռուսաստանում ստեղծվել է առաջին բլոկչեյն կոնսորցիումը

16.10.2017 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Բլոկչեյն #ֆակտորինգ #«Մ.Վիդեո» #«Սբերբանկ ֆակտորինգ» #«Ալֆա Բանկ»
Էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի մանրածախ վաճառքով զբաղվող ռուսաստանյան խոշոր «Մ.Վիդեո» առեւտրային ցանցը՝ «Սբերբանկ ֆակտորինգ»-ի եւ «Ալֆա Բանկ»-ի հետ համատեղ, հայտարարել է բաց կոնսորցիումի ստեղծման մասին՝ ուղղված ֆինանսական հատվածում բլոկչեյնի վրա հիմնված տեխնոլոգիաների կոմերցիոն կիրառմանը:

Ինչպես հայտնում է Banki.ru կայքը, կոնսորցիումի մասնակիցները գործարկել են ֆակտորինգային գործարքների համար բաց բլոկչեյն հարթակ՝ անսահմանափակ քանակով բանկերի եւ ֆակտորինգային ընկերությունների միանալու հնարավորությամբ՝ ապահովելով գործարքների մասին տեղեկատվության գաղտնիությունը։


Հարթակն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Մասնավորապես, բլոկչեյնի կիրառումը կրճատել է մատակարարումների հաստատման ժամկետը՝ 1-2 օրվանից մինչեւ մի քանի վայրկյան, ինչը հնարավոր է դարձել սմարթ պայմանագրերի (կամ համակարգչային ալգորիթմերի) շնորհիվ, որոնք իրական ժամանակում ստուգում են մատակարարումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ապրանքի տեղափոխման մասին մատակարարի տվյալները մուտքագրվում են համակարգում բանկի կամ ֆակտորինգային ընկերության կողմից, կոդավորվում են եւ ավտոմատ կերպով համադրվում առեւտրային ցանցի տվյալների հետ՝ կոնկրետ ապրանքի ստացման մասին: Գործարքի «տվյալների շղթայի» համընկնումը հիմք է հանդիսանում մատակարարման հաստատման եւ ֆինանսավորման համար:

««Մ.Վիդեո»-ի եւ իր մատակարարների միջեւ ֆակտորինգային գործարքների տարեկան շրջանառությունը կազմում է միլիարդավոր ռուբլիներ եւ տասնյակ հազարավոր ապրանքագրեր, որոնք մինչ այդ մշակվում էին էլփոստի, հեռախոսակապի եւ «թղթային» շրջանառության միջոցով: Բլոկչեյնի կիրառումը հնարավորություն է ընձեռել ավտոմատացնել մատակարարմանը վերաբերող փաստաթղթերի ստուգումը՝ բացառելով գաղտնիության եւ մեքենայությունների հետ կապված ռիսկերը, կրճատել օպերացիոն ծախսերը, բարձրացնել ֆակտորինգային վճարումների արագությունն ու հարմարավետությունը: Ֆակտորինգային գործարքների համար բլոկչեյն է օգտագործում «Մ.Վիդեո»-ի յուրաքանչյուր 5-րդ գործընկեր: Մենք նախատեսում ենք բանկերի փուլային միացումը բլոկչեյն հարթակին արդեն այս տարի»,- նշել է «Մ.Վիդեո» առեւտրային ցանցի ֆինանսական տնօրեն Եկատերինա Սոկոլովան։

«Մ.Վիդեո»-ն հիմնադրվել է 1993թ., այսօր առեւտրային ցանցն ունի մոտ 400 խանութ Ռուսաստանի 165 քաղաքում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 29865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo