Finopolis 2017՝ digital բանկից մինչեւ թվային սուպերմարկետ

09.10.2017 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Finopolis
Հոկտեմբերի 5-6-ը Սոչիում անցկացվել է նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների Finopolis 2017 ֆորումը, որի հիմնական նպատակն էր քննարկել մեգակարգավորիչների, իշխանությունների եւ ֆինանսական շուկայի մասնակիցների միջեւ փոխհարաբերությունների օպտիմալացման ժամանակակից միտումները: Ֆորումի ընթացքում  ֆինանսական շուկայի թվայնացմանն առնչվող նորագույն պրոդուկտներ եւ լուծումներ են ներկայացվել:

Առանձնացրել ենք ֆորումի մասնակիցների արտահայտած առավել հետաքրքրական տեսակետները, որոնք հավաքագրել ենք ռուսաստանյան առցանց մեդիայի մոնիտորինգի արդյունքում:

******

Ալֆա-Բանկի խորհրդի անդամ Ալեքսեյ Մարեյը հայտարարել է digital բանկի գործարկման մասին: «Պիլոտային ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի՝ Ալֆա-Բանկի հովանու ներքո: Լինելու է նոր բրենդ»,- նշել է բանկի ներկայացուցիչը՝ հավելելով, որ խոշոր վարկային կազմակերպությունների թվային վերափոխումը գումարի հարց չէ:

«Կայացած եւ հաջողակ կազմակերպությունները ներսից փոխելը բավական դժվար գործ է: Այն առնչվում է բիզնես գործընթացներին, մշակույթին եւ այն բանին, թե ինչպես են մարդիկ փոխհարաբերվում: Սա գիտակցության հարց է, որը պատրաստ է փոփոխությունների»,- ընդգծել է Ալեքսեյ Մարեյը:

******

«Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը հայտնել է «Տինկոֆ մոբայլ» բջջային օպերատորի գործարկման ժամկետները: «Երկու ամսից գործարկում ենք «Տինկոֆ մոբայլ»-ը: Ցանկանում ենք դառնալ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն՝ թեկուզ դեռ «Ռոստելեկոմ»-ի կամ «Tele2»-ի ցանցերի հիման վրա»:

Նրա կանխատեսմամբ՝ ապագայում բանկերի եւ կապի օպերատորների գործունեության ոլորտները կձուլվեն: «Հաճախորդներին ավելի լավ սպասարկելու նպատակով բանկերի ու օպերատորների միջեւ տվյալների փոխանակման անհրաժեշտություն կառաջանա»,- բացատրել է Օլեգ Տինկովը:

Գործարարը նաեւ հիշեցրել է, որ նախորդ տարվա ֆորումին կանխատեսել էր ՌԴ ԿԲ-ի ու Կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարության միաձուլումը:

«Ուղիղ մեկ տարի առաջ այս նույն հարթակում մենք քննարկում էինք կոնվերգենցիան (գործառույթների համընկնում), եւ ես անգամ կանխատեսել էի, որ ինչ-որ մի պահի ԿԲ-ն եւ Կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը կձուլվեն: Ըստ իս՝ լինելու է մեկ միասնական մարմին: Ես, սակայն, շատ հեռուն եմ նայում»,- ամփոփել է նա:

******
Սբերբանկում ակնկալում են երեք տարվա ընթացքում վարկավորման ոլորտում արհեստական բանականություն կիրառել: «Բանկերն ավելի ու ավելի շատ ալգորիթմներ են ներդնում, եւ ես համոզված եմ, որ առաջիկայում մենք ականատես կլինենք արհեստական բանականության համակարգի կիրառմանը լուրջ որոշումներ ընդունելիս: Արդեն հնարավոր է թվում այն, որ միլիարդավոր ռուբլիներ կտեղաբաշխվեն արհեստական բանականության ալգորիթմների միջոցով»,- ասել է Սբերբանկի ավագ փոխնախագահ Ալեքսանդր Վեդյախինը՝ հավելելով, որ առաջիկա երեք տարիների ընթացքում կարգավորիչը կորոշի արհեստական բանականության համար առաջին կանոնները:

******
Ռուսաստանի ԿԲ-ն առաջարկել է ստեղծել ֆինանսական ծառայությունների «թվային սուպերմարկետ», որտեղ սպառողը կարող է մուտք գործել եւ ընտրել իրեն հարմար ֆինանսական ապրանքը: Ռուսաստանի ԿԲ նախագահի տեղակալ Սերգեյ Շվեցովը նշել է, որ նման հարթակի նախատիպ է eBay միջազգային առեւտրային հարթակը: Ըստ նրա, միացյալ հարթակը թույլ կտա ֆինանսական ծառայություններ տրամադրողներին հրաժարվել կապիտալ ծախսերից, այդ թվում՝ սեփական վաճառքի ցանցի ստեղծումից:  

«Այդ հարթակի պարտադիր բաղադրիչ կլինի ֆինանսական գործարքների հաշվառման ազգային համակարգը: Այդ համակարգի շնորհիվ ֆինանսական շուկայի բոլոր գործարքները, որոնք իրականացվում են բնակչության կողմից, կարտացոլվեն մեկ ռեպոզիտարիայում»,- պարզաբանել է նա:

******

«Ֆինանսական սեկտորը պետք է ստեղծի նոր բիզնես-մոդելներ եւ վերանայի իր տեղը միջազգային համակարգում»,- ասել է Ռուսաստանի ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան:

«Հավանաբար, մենք ստիպված կլինենք արմատապես վերանայել մեզ համար այնպիսի սովորական երեւույթների անհրաժեշտությունը, ինչպիսին է, օրինակ, փողը»,- ասել է Նաբիուլինան: Նա ընդգծել է, որ այժմ Ռուսաստանում բանկերն օպտիմալացնում են իրենց մասնաճյուղային ցանցերը եւ կրճատում ֆիզիկական ներկայության կետերը՝ հասկանալով, որ ապագան պատկանում է հեռահար սպասարկմանը եւ թվային տեխնոլոգիաներին:

******

Էլվիրա Նաբիուլինան ընդգծել է, որ ԿԲ-ն զուսպ դիրքորոշում ունի կրիպտոարժույթի կիրառման հարցում, սակայն ողջունում է բլոկչեյն տեխնոլոգիան:

«Մենք չենք արգելում նոր տեխնոլոգիաները: Դուք բոլորդ հետեւում եք երեւի բանավեճերին, կրիպտոարժույթներին եւ գիտեք Կենտրոնական բանկի զուսպ դիրքորոշումը: Այդուհանդերձ, մենք ողջունում ենք դրանց հիմքում ընկած տեխնոլոգիան՝ բլոկչեյնը: Ներկայում մենք հատուկ փորձարկում ենք այդ տեխնոլոգիաները»,- ասել է նա:

******
Ռուսաստանի ԿԲ նախագահի տեղակալ Օլգա Սկորոբոգատովայի կարծիքով՝ այսօր կարգավորչի դերը դուրս է գալիս դասական պատկերացումների շրջանակից:

«Մենք ցանկանում ենք դառնալ բարձր տեխնոլոգիաներով աշխատող կարգավորիչ: Սա բոլորովին նոր որակ է, որը մենք՝ որպես Կենտրոնական բանկ, տեսնում ենք եւ զբաղվում դրանով, որպեսզի իսկապես աջակցենք մեր ոլորտում գործող բիզնեսներին»,- ասել է նա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Դիտում՝ 36538
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai