Ցուցակվել են ԱՀԸ-ը 1,2 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը

16.07.2014 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հուլիսի 11-ին Ազգային հիփոթեքային ընկերության(ԱՀԸ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 11-րդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկվելով հիմնական` Abond ցուցակում:

1,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 ՀՀ  դրամ անվանական արժեքով, 60 ամիս մարման ժամկետով եւ արժեկտրոնի 12% եկամտաբերությամբ պարտատոմսերը բորսայում շրջանառվելու են NMCCB2B հապավմամբ, ինչպես նաեւ թույլատրվելու են հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից Արմսվիսբանկին շնորհվել է ԱՀԸ 11-րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Որպես շուկա ստեղծող` Արմսվիսբանկը կապահովի ԱՀԸ պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` երկրորդային շուկայում նպաստելով պարտատոմսերի իրացվելիությանը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում, որոնց համար ներկայացված գնման ընդհանուր գումարը/ պահանջարկը կազմել է 2 մլրդ 579 մլն 801 հազար 450 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1 մլրդ 2 մլն 800 հազար 730 ՀՀ դրամ:  Տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824%, իսկ կեռման եկամտաբերությունը` 11.9998%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը նշել է, որ պարտատոմսերի թողարկման ծավալով ԱՀԸ-ն ամենաակտիվն է հայկական շուկայում:

ԱՀԸ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը նշել է, որ պարտատոմսերի թողարկումն ինքնանպատակ չէ. «Արդեն 11 անգամ պարտատոմսեր ենք թողարկել, որոնցից 2-ը երկարաժամկետ  են, 9-ը` կարճաժամկետ: Մեր հետագա քայլերը կլինեն երկարաժամկետ պարտատոմսերի թողարկումը»:

Արմսվիսբանկի տնօրենի տեղակալ, ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանի փոխանցմամբ, «շուկան ցույց տվեց, որ պահանջարկը արժեթղթերի նկատմամբ կար եւ կա նաեւ հիմա. երկրորդային շուկայում մարդիկ գնում են դրանք»:

Անդրադառնալով կորպորատիվ արժեթղթերի թողարկման ծավալների ավելացմանը` Կարեն Տուրյանը նշել է, որ դրանք պայմանավորված էին պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազմամբ: «Կարծում եմ, եթե պետական պարտատոմսերի եկամտաբերության դինամիկան պահպանվի այս մակարդակում, բավական հետաքրքիր զարգացումներ կարող ենք ունենալ»,-ասել է նա:

Դիտում՝ 3060
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai