Տեղաբաշխվել են ՀՀ-ում առաջին ապահովված հիփոթեքային պարտատոմսերը

12.12.2017 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Արարատբանկ #«Առաջին հիփոթեքային ընկերություն» #Էդգար Էվոյան
Արարատբանկն այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղաբաշխել է «Առաջին հիփոթեքային ընկերության» թողարկած 100 մլն դրամ եւ $500 հազ. ծավալով առաջին ապահովված հիփոթեքային պարտատոմսերը։

Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 10,5%: Դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը $25 է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 6,5%:

Արարատբանկի ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի պետ Էդգար Էվոյանն էլ ասել է, որ այս պարտատոմսերի առանձնահատկությունն այն է, որ բացի թողարկողի պատասխանատվությունից՝ պարտատոմսերում ներդրումներն ապահովված են նաեւ հիփոթեքային վարկերով, որոնց ցանկը պարտատոմսերի ազդագրի հետ միասին գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

«Ներկայում ապահովությունը կազմում է մոտ 153%, այսինքն` ներդրողի գումարներն ավելի քան 50%-ով ապահովված են անշարժ գույքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերով։ Եթե հաշվի առնենք, որ վարկերն իրենց հերթին անշարժ գույքի գրավի 70%-ը չեն գերազանցում, ապա տվյալ ներդրումները գրեթե կրկնակի ապահովված են անշարժ գույքով»,- ասել է նա։

Էդգար Էվոյանը տեղեկացրել է նաեւ, որ հիփոթեքային վարկի ընտրության հստակ չափանիշներ են սահմանվել, որոնց համաձայն՝ վարկ-գրավ հարաբերակցությունը պետք է լինի առավելագույնը 70%, իսկ մարզերում` 60%, անշարժ գույքը պետք է պարտադիր գտնվի Հայաստանում եւ լինի առաջնային գրավ։

Պարտատոմսերը թողարկվել են «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքի շրջանակում։

«Այս թողարկմամբ փորձարկման դրվեց նաեւ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին գործող օրենքը, որի փոփոխված տարբերակը հաջորդ տարիներին նոր շունչ կհաղորդի այս գործերի զարգացմանը մեր երկրում»,- հավելել է նա։

Արարատբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանն էլ նկատել է, որ բանկը, ներդրումային ծառայությունների զարգացման  ռազմավարությանը համահունչ, կապիտալի շուկայում այս տարի բավական ակտիվ է եղել գործառությունների եւ տեղաբաշխումների կազմակերպման առումով։

«2017-ին Արարատբանկը 9 տեղաբաշխում է կազմակերպել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում, որոնցից հինգը մենք իրականացրել ենք այլ ընկերությունների՝ «Ֆինքա» վարկային կազմակերպության, Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի ու «Առաջին հիփոթեքային ընկերության» հետ»,- ասել է նա։

«Առաջին հիփոթեքային ընկերության» տնօրեն Դավիթ Աթանեսյանն էլ նշել է, որ ներգրավված միջոցները կուղղվեն նոր հիփոթեքային վարկերի տրամադրմանը:

«Այս գործիքը նոր թափ կհաղորդի Հայաստանում կապիտալի եւ հիփոթեքային շուկաների զարգացմանը, եւ մենք ինքներս նախատեսում ենք այս գործընթացը դարձնել շարունակական»,- ասել է նա:
Դիտում՝ 4414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo