Ամերիաբանկը $20 մլն-ի պարտքային արժեթուղթ է տեղաբաշխել

13.06.2016 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG  ընկերության միջոցով հունիսի 10-ին լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջեւ հաջողությամբ տեղաբաշխել է $20 մլն ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ:

«Զարգացող երկրների շուկաներում ներդրումներ իրականացնող այդ ֆոնդերը բարձր են գնահատել Ամերիաբանկի վարկային վարկանիշը, միջազգային կապիտալի շուկայում ունեցած հեղինակությունը, բարձր ֆինանսական ցուցանիշները, ճկուն բիզնես-մոդելը, կորպորատիվ կառավարման օրինակելի համակարգը, ինչպես նաեւ գործարքի ռիսկայնության ցածր մակարդակը, ինչի արդյունքում ձեռք են բերել բանկի պարտքային արժեթղթերը մեծ ծավալով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Արժեթղթերի տեղաբաշխումից ձեռք բերված միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:

«Այս ֆինանսավորումը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վերականգնվող էներգետիկային եւ էներգաարդյունավետության ծրագրերին ուղղված ֆինանսավորումը կխթանի ոլորտի կայուն զարգացումը, կնպաստի երկրում էներգախնայողության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Ամերիաբանկը բարձր է գնահատել responsAbility Investments AG ընկերության հետ գործընկերային նոր հարաբերությունների ստեղծումը, որը, բանկի գնահատմամբ, էական նշանակություն կունենա տվյալ ոլորտների եւ ամբողջ ազգային տնտեսության զարգացման համար:





Դիտում՝ 530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai