Արարատբանկը $2 մլն-ի արժեկտրոնային պարտատոմսեր է թողարկել

12.06.2015 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Արարատբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 9-րդ թողարկման մասին:

Թողարկվել է 80 հազ. անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ $2 մլն ծավալով, $25 անվանական արժեքով, 7.25% տարեկան տոկոսադրույքով եւ 3 տարի շրջանառության ժամկետով: Դրանց տեղաբաշխումը կիրականացվի հունիսի 15-26-ը՝ բաժանորդագրության միջոցով:

Պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան արտարժութային պարտատոմսերով առուվաճառք իրականացնելուց բացի, կնքել համապատասխան ռեպո գործարքներ:

Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ:

Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտատոմսերի գնման համար կարող են դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Նրա խոսքով՝ Արարատբանկը արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, եւ հաշվի առնելով նախորդ թողարկումների ընթացքում ձեւավորված պահանջարկը՝ բանկն այս անգամ եւս առաջարկում է դոլարային պարտատոմսեր:

Արարատբանկի թողարկած պարտատոմսերով 2014թ. կատարվել է 188 գործարք՝ 500 մլն դրամ ծավալով:

«9-րդ թողարկման պարտատոմսերից ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության՝ հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Խոսքը գնում է մինչեւ $250 հազ. վարկերի մասին: Առաջարկելու ենք մատչելի տոկոսադրույքներ՝ 10-12%»,- տեղեկացրել է նա:  

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն էլ խոսել է արժեթղթերի շուկայում վերջերս նկատվող միտումների մասին: Նրա բնորոշմամբ՝ որոշ ընկերություններ, բանկեր, ֆինանսական հաստատություններ, ավելի մեծ ուշադրություն են սկսել դարձնել կապիտալի շուկային՝ մասնավորապես նախնական շրջանում կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներին:

«Միտումն այն է, որ պարտատոմսերի տոկոսադրույքները շատ ավելի գրավիչ են, քան, օրինակ, ավանդների դեպքում: Ժամանակագրական առումով հետաքրքրությունը պարտատոմսերի նկատմամբ աճում է: Կարծում եմ՝ այս միտումը կպահպանվի, եւ մենք ավելի շատ թողարկումների ականատես կլինենք»,- ասել է Կոնստանտին Սարոյանը:

Դիտում՝ 6735
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai