Կայացել է ԱՀԸ պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

08.10.2014 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հոկտեմբերի 7-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 12-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը հետեւյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 10,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,000,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ տարեկան 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 4 անդամներ:

Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,390,393,431.50 ՀՀ դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,005,155,561.50 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.79%:

«Սա պարտատոմսերի հերթական թողարկումն էր, պահանջարկի նման ծավալները վկայում են շուկայի մասնակիցների վստահության եւ հետաքրքրվածության մասին: ԱՀԸ պարտատոմսերը դիտարկվում են այլընտրանքային ներդրման միջոց ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցների համար: ԱՀԸ պարտատոմսերի առուվաճառքը երկրորդային շուկայում նույնպես աշխուժանում է, որը լրացուցիչ ազդակ է նրանց որակի եւ գրավչության» - նշել է ԱՀԸ գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը: Նա ավելացրել է, որ պարտատոմսերի այս թողարկումը եւս ներկայացվելու է ցուցակման ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսա եւ հասանելի կլինի ռեպո գործարքների համար:

Արժեթղթի երկրորդային շուկայի իրացվելիությունը կապահովվի Արմսվիսբանկ ՓԲԸ-ի կողմից:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատություններին՝ քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նպատակով:

2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4939 հատ վարկ 39.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 3170 հատ վարկը 30.7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երեւանում, իսկ 1769 հատը՝ 9.2 միլիարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 3281-ը 31.7 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1658 հատը 8.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով վերանորոգման եւ կառուցապատման նպատակով:

30.09.2014թ դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 34,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր  կապիտալը՝ 11,2 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,9 մլրդ:

Ընկերությունը պարտատոմսերի թողարկումը մեկնարկել է 2011 թվականի նոյեմբերից՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 12 տեղաբաշխում մոտ 10,8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին ինը թողարկումն իրականացվել է մինչեւ մեկ տարի մարման ժամկետով, տասներորդը՝ երեք տարի, իսկ տասնմեկերորդը՝ հինգ տարի մարման ժամկետով:
 

Դիտում՝ 4280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai