Տավուշում բացվել է «Այրում Ֆրութս» արտադրամասը

06.10.2014 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Հոկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Այրում համայնքում տեղի է ունեցել «Այրում Ֆրութս» միրգ-հատապտուղների վերամշակման արտադրամասի պաշտոնական բացումը: Ծրագրի բիզնես պլանավորման, նախագծի կառավարման եւ իրականացման պատասխանատու է հանդիսացել «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) հայաստանյան խորհրդատվական ընկերությունը:

Ինչպես հայտնել են BSC-ում, արտադրամաս կառուցելու գաղափարին աջակցել է ՕՔՍՖԱՄ-ի «Ձեռնարկությունների զարգացման ծրագիրը», որի նպատակն է օգնել սահմանամերձ համայնքի փոքր ֆերմերներին համայնքային բիզնես հիմնադրելու եւ վարելու հարցում: Արտադրամասը կառավարվում է ՕՔՍՖԱՄ-ի եւ «Բի Էս Սի»-ի աջակցությամբ հիմնադրված «Լճկաձոր» գյուղատնտեսական  կոոպերատիվի եւ նրա կողմից ստեղծված «Միրգ» ՍՊԸ-ի միջոցով:

1,200 ք.մ. տարածքով արտադրամասը կապահովի ավելի քան 60 աշխատատեղ համայնքի հատկապես կին բնակիչների համար, ինչպես նաեւ կայուն մթերման շուկա՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի 10 գյուղական համայնքների առնվազն 2,000 բնակիչների համար:

Նախնական շրջանում արտադրամասը նախատեսում է վերամշակել տարեկան մոտ 300 տոննա միրգ եւ հատապտուղ` արտադրելով մուրաբաներ, ջեմեր եւ կոմպոտներ, որոնք հիմնականում կարտահանվեն ԱՊՀ երկրներ:

Հանդիսանալով ՕՔՍՖԱՄ Հայաստանի ռազմավարական գործընկերը` BSC-ն ընթացիկ աշխատանքները համակարգելուն զուգահեռ իրականացրել է նաեւ արտադրամասի աշխատակիցների կարողությունների հզորացում: Վերապատրաստման շնորհիվ արտադրամասի աշխատակիցները այժմ լիակատար տիրապետում են արտադրամաս գործարկելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ կազմակերպչական հմտություններին:

Ինչպես նշել է ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, արտադրամասը սոցիալական ձեռնարկության օրինակելի մոդել է: Ծրագրի շնորհիվ համայնքում կակտիվանա բիզնես միջավայրը, կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ կզարգանա համայնքի սոցիալ-տնտեսական կյանքը: Բացի այդ, ծրագրի համաձայն` «Լճկաձոր» կոոպերարտիվն իր ձեռնարկության եկամուտների մի մասը կուղղի նաեւ համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը:

Գործարանի կառուցումն ու սարքավորումների վերազինումն իրականացվել է ՕՔՍՖԱՄ-ի նախաձեռնությամբ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի եւ «Նոր Հորիզոն» վարկային կազմակերպության գործընկերությամբ, Orange Հիմնադրամի, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի, G2IA, CARE կազմակերպությունների և  Ավստրիական Զարգացման Գործակալության աջակցությամբ:

ՕՔՍՖԱՄ Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող մեկ այլ զարգացման ծրագրի մասին «Բի Էս Սի»-ի տնօրեն Սամվել Գեւորգյանը վերջերս պատմել էր Banks.am-ին տված հարցազրույցում:

Դիտում՝ 6181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai