Թարմացված է. 30.06.2011 Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն (այսուհետ`Բյուրո) պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և որին անդամակցում են ԱՊՊԱ իրականացնող ՀՀ ապահովագրական ընկերությունները:
Բյուրոյի գործունեության նպատակն է `
1. Տուժած անձանց շահերի պաշտպանությունը,
2. ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը:
ԱՊՊԱ համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար
ԲՅՈՒՐՈՆ `
- ԱՊՊԱ ոլորտում ընդունում է կանոններ և որոշումներ,
- վերահսկում է իր կողմից ընդունված որոշումների և կանոնների պահանջների կատարումը իր անդամ ապահովագրական ընկերությունների կողմից,
- հաստատում է ԱՊՊԱ պայմանագրի ձևը,
- սահմանում է ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը,
- համագործակցում է պետական այլ մարմինների և այլ պետությունների ավտոապահովագրողների բյուրոների հետ,
- մասնակցում է ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացած պատահարների և ԱՊՊԱ ոլորտում կեղծիքների, զեղծարարությունների կանխմանն ուղղված միջոցառումներին,
- կառավարում է Երաշխավորման ֆոնդը, այդ ֆոնդի հաշվին ԱՊՊԱ օրենքով սահմանված դեպքերում տուժած անձանց իրականացնում հատուցումներ,
- վարում է ԱՊՊԱ ոլորտի միասնական տեղեկատվական համակարգը,
- կազմակերպում է ԱՊՊԱ պայմանագրերի և ԱՊՊԱ կտրոնների ձևաթղթերի հաշվառումը և տրամադրումը ապահովագրական ընկերություններին,
- կազմակերպում է ԱՊՊԱ ոլորտում կրկնակի փորձաքննությունների գործընթացը,
- կողմերի համաձայնությամբ քննում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների միջև, ինչպես նաև այդ ապահովագրական ընկերությունների, ապահովադիրների, ապահովագրված անձանց և տուժողների միջև ծագած վեճերը, որի արդյունքում կայացված որոշումները ունեն խորհրդատվական բնույթ և պարտադիր չեն կողմերի համար,
- հասարակությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ ոլորտում, կազմակերպում է հանրակրթական միջոցառումներ:
Տուժած անձանց շահերի պաշտպանությունն ուղղակիորեն ապահովելու համար
ԲՅՈՒՐՈՆ`
Հատուցում է տուժողին պատճառված վնասները, եթե`
- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է։ Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
- վնասը պատճառվել է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
- վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ):
Տուժողի ցանկությամբ անվճար հանդես է գալիս որպես նրա շահերի ներկայացուցիչ հատուցում ստանալու գործընթացում, եթե `
- տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիր են կնքել միևնույն ապահովագրական ընկերության հետ,
- տուժողը պատահարը տեղի ունենալու պահին ուղևոր կամ հետիոտն է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր: