Նորություններ
Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը մեծ շուկա կբացի նաեւ մեզ համար 08.06.2010
1
 / 
1
Share |

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի խորհրդատվական-ուսուցողական ընկերության բաժնետեր-տնօրեն Սամվել Գեւորգյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին

Վերջին նորություններ
Moody’s-ը անփոփոխ է թողել «Արդշինիվեստբանկի» վարկանիշերը Գյուղմթերքների գնաճն անսպասելի չէր, կարծում է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջին կիսամյակում եկամուտներն ավելացրել է 33,5%-ով
- Վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը: Դուք նախատեսու՞մ եք ներդնել նոր թրենինգային ապրանքատեսակներ` ուղղված ապահովագրական շուկայի հենց այդ հատվածին:

- Մենք բավականին օպերատիվ արձագանքեցինք այդ հարցին, քանի որ պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքի ընդունմամբ մեզ համար բացվում է բավականին մեծ շուկա: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այսօր ՀՀ ավտոտրանսպորտային պարկը հաշվարկում է շուրջ 400 հազար ավտոմեքենա, որից ապահովագրված է միայն մի քանի հազարը: Այսինքն, ավտոտրանսպորտային միջոցների 400 հազար սեփականատերերը` ֆիզիկական ու իրավաբանական անձինք, պետք է կողմնորոշվեն այս կամ այն ապահովագրական ընկերության ընտրության հարցում: Այս առումով պետք է սպասել լուրջ մրցակցության, ընդ որում` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Անկասկած, այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն մարզային մասնաճյուղային ցանց, կլինեն ավելի շահեկան վիճակում:

Պարտադիր ապահովագրության ներդրմանը զուգահեռ, ծագում են նաեւ խնդիրներ` կապված սպասարկման որակի, շուկայի հետազոտության, արդյունավետ ապրանքատեսակների ներդրման, ապահովագրվողի հետ հետադարձ կապի ապահովման եւ այլնի հետ: Մի խոսքով, առաջանում է գրագետ գործարար մոտեցման անհրաժեշտություն` սպասարկման որակի շեշտադրմամբ: Այդ կապակցությամբ մենք մշակել ենք թրենինգային դասընթացներ, որոնք ուղղված կլինեն կոնկրետ ապահովագրական ընկերություններին, որոնց ներդրումը նախատեսվում է արդեն այս տարվա հոկտեմբերին: Մասնավորապես, նախատեսում ենք ներդնել այնպիսի թրենինգային ապրանքատեսակներ, ինչպիսիք են` «Գրագետ վաճառք ապահովագրական գործակալների համար», «Վաճառքի ավելացում նվազագույն ծախսերով», «Բրենդի ձեւավորում», «Հաճախորդների հեռախոսային սպասարկում», «Հաճախորդների սպասարկման արվեստ», «Արդյունավետ բիզնես-հաղորդակցություն», «Ստեղծագործական գաղափարների մշակում»:

Նախատեսվում է նշված թեմաներով անցկացնել ինչպես բաց, այնպես էլ կորպորատիվ դասընթացներ: Մեր կանխատեսումներով, դասընթացները պահանջված կլինեն ինչպես արդեն գործող ապահովագրական գործակալների, այնպես էլ ապահովագրական ընկերությունների մարզային մասնաճյուղերի պոտենցիալ աշխատակիցների կողմից: Այդ կապակցությամբ կարելի է վստահ արձանագրել, որ պարտադիր ավտոապահովագրությունը կբացի մեծ շուկա, այդ թվում նաեւ մեր ընկերության համար:

- Որքանո՞վ ակտիվ էին վերջին տարվա ընթացքում բանկերն ու ֆինանսական հաստատությունները մարդկային կապիտալում ներդրումների տեսանկյունից: Դուք բավարա՞ր եք համարում ֆինանսական շուկայի աշխատակիցների ներգրավվածության մակարդակը ուսումնական ծրագրերում:

- Ճգնաժամը բացի բացասական երեւույթներից, իր հետ բերեց նաեւ որոշակի դրական միտումներ: Մասնավորապես, առեւտրային բանկերը սկսեցին ավելի մեծ նշանակություն տալ մարդկային կապիտալին: Այդ իմաստով ճգնաժամը դաս եղավ բանկային համակարգի համար, որի շնորհիվ մի շարք բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների մոտ ամրապնդվեց այն գիտակցումը, որ առանց մարդկային կապիտալում ներդրումների դժվար է դիմակայել ճգնաժամին եւ պահպանել դիրքերը մրցակցային լուրջ պայքարում:

Մարդկային գործոնը առանցքային նշանակություն ունի բիզնես-գործունեության ցանկացած ոլորտում եւ, առաջին հերթին, հաճախորդների սպասարկման որակյալ ու գրագետ սպասարկման գործում: 
Այսօր Հայաստանում կան բանկեր, որոնք լուրջ ներդրումներ են կատարում մարդկային կապիտալում: Մեր ընկերության տեսանկյունից վերջին կիսամյակի արդյունքներով կարող եմ առանձնացնել «Ամերիաբանկը», «Ինեկոբանկը», «Արմսվիսբանկը», «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»: Իհարկե, կան բանկեր, որոնք, ինչպես եւ նախկինում, լուրջ ուշադրություն չեն դարձնում այդ գործոնին կամ ցուցաբերում են պրիմիտիվ մոտեցում` դիմելով աշխատակիցների կրճատման մեթոդին:

Վարկային կազմակերպություններից կարող եմ առանձնացնել «Ֆինքա» ՈՒՎԿ-ն, «Բլեսս»-ը, «Էքսպրեսս-Կրեդիտ»-ը, «Արեգակ»-ը, «Ակբա Լիզինգը», ապահովագրական ընկերություններից` «Գարանտ Լիմենս»-ը, «ԻՆԳՈ Արմենիա»-ն: Նշված բանկերի եւ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները մասնակցում են ինչպես կորպորատիվ, այնպես էլ բաց թրենինգներին:

- Մեկ տարի առաջ «Բի Էս Սի»-ն Oxford Financial Training-ի հետ համատեղ կազմակերպեցին բացառիկ թրենինգներ ՀՀ բանկերի եւ ֆինանսական հաստատությունների աշխատակիցների համար: Նախատեսվու՞մ է անցկացնել նման թրենինգ այս տարի:

- «Բի Էս Սի»-ի շփումները ԱՊՀ-ի եւ Եվրոպայի երկրների թրենինգային ընկերությունների հետ, որոնք, մասնավորապես, կողմնորոշված են դեպի առեւտրային բանկերը, շարունակական բնույթ են կրում: Այս տարի մենք արդեն անցկացրել ենք կորպորատիվ թրենինգ հրավիրված ռուսաստանցի փորձագետի մասնակցությամբ, որը նվիրված էր վաճառքներին բանկային ոլորտում: Թրենինգին մասնակցել են նաեւ «Ամերիաբանկի» ու «Ինեկոբանկի» աշխատակիցները:

Oxford Financial Training ռուսաստանյան ընկերության հետ մենք գտնվում ենք բանակցությունների փուլում` ծրագրելով շարունակել համագործակցությունը երեք ուղղություններով` բաց, կորպորատիվ եւ, այսպես կոչված, արտագնա թրենինգներ: Oxford Financial Training ընկերությունը շատ ակտիվ է եվրոպական մի շարք երկրներում թրենինգներ անցկացնելու առումով, եւ այդ տեսանկյունից մենք հույս ունենք մեր բանկային ծառայողներին հնարավորություն ընձեռել մասնակցելու նման կարգի արտագնա թրենինգների: Կարելի է ենթադրել, որ այդ թրենինգների արժեքը բարձր է լինելու, սակայն, կարծում եմ, այն բանկերի համար, որոնք իրենց ուշադրությունը սեւեռում են մարդկային կապիտալի վրա, դրանք հետաքրքրիր կլինեն:

Բանակցությունների հաջող ավարտի դեպքում մենք հույս ունենք ստանալ Հայաստանում Oxford Financial Training-ի բացառիկ ներկայացուցչի կարգավիճակ:

Առիթից օգտվելով` կցանկանայի նշել, որ մենք սկսել ենք մշակել «Բի Էս Սի»-ի առաջիկա երեք տարիների ռազմավարությունը, որտեղ շեշտը դրվելու է կոնկրետ ոլորտների ու հատուկ թրենինգների վրա: Օրինակ, հաճախորդների սպասարկման թրենինգներ կոնկրետ բանկերի ու վարկային կազմակերպությունների համար:

Այսօր «Բի Էս Սի»-ն հայաստանյան միակ թրենինգային ընկերությունն է, որը մշակում է թրենինգային դասընթացների ժամանակացույցը կես տարի առաջ: Այս կիսամյակի համար մենք առանձնացրել ենք թրենինգներ 30 տարբեր թեմաներով` բաժանված 7 հատուկ ուղղությունների եւ նախանշված կոնկրետ օրերով ու ժամերով:

- Ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը հոլանդական «Տրիոդոս Ֆասեթ» քոնսալթինգային ընկերության հետ եւ մտադի՞ր եք արդյոք կիրառել այդ ընկերության փորձը միկրովարկային կազմակերպությունների համար թրենինգային ծրագրեր կազմակերպելու նպատակով:

- «Տրիոդոս Ֆասեթ» ընկերությունը, որի հետ մենք ունենք Հայաստանում բացառիկ համագործակցության պայմանագիր, մասնագիտացված է երեք հիմնական ուղղություններով` աջակցություն բիզնեսի զարգացմանը, արդյունաբերական ճյուղերին ու միկրովարկային կազմակերպություններին: Վերջին ուղղությամբ ընկերությունն արդեն գործում է աշխարհի 47 երկրներում: Մինչ օրս մեր համագործակցությունը «Տրիոդոս Ֆասեթ»-ի հետ կառուցվել է քոնսալթինգային մակարդակով, կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության ու մարքեթինգային հետազոտությունների անցկացման մասով:

Այսօր «Տրիոդոս Ֆասեթ»-ը աշխատանքներ է ծավալում միկրովարկային կազմակերպությունների օժանդակությունն ուժեղացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ: Հոլանդական ընկերությունը մշակել է նոր թրենինգային ապրանքատեսակներ միկրովարկային կազմակերպությունների համար, որոնք, հուսով եմ, միջնաժամկետ հեռանկարում ներկայացված կլինեն նաեւ Հայաստանում` մեր բացառիկ համագործակցության շրջանակներում:

- Վերջերս «Բի Էս Սի»-ն ներկայացրեց կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության ձեռնարկը ֆերմերային ընկերությունների համար: Ձեր կողմից անցկացվու՞մ են հետազոտություններ ՀՀ բանկային համակարգի սոցիալական-կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության վերաբերյալ, որքանո՞վ են ակտիվ բանկերն այդ առումով:

- Այդ ձեռնարկի պատրաստման գաղափարը հետեւյալն էր. 5 տարի առաջ «Տրիոդոս Ֆասեթ»-ի նախաձեռնությամբ մենք ICCO-ի ( Հոլանդական զարգացման  ծրագիր) հետ համատեղ սկսեցինք Հայաստանում ներդնել կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության գաղափարները: Կորպորատիվ-սոցիալական պատասխանատվություն հասկացության մեջ մտնում են հետեւյալ բաղադրիչները. ազնիվ առեւտուր, պատասխանատվություն ծառայողների, հաճախորդների, մատակարարների, պետության, շրջակա միջավայրի նկատմամբ եւ այլն: 

Վերջնական արդյունքում խոսքը, այսպես կոչված, մատակարարումների շղթայի մասին է` հումքի ձեռք բերում, արտադրանքի արդյունաբերություն, դրա իրացում մեծածախ գնորդին, մեծածախ գնորդից` մանրածախ ցանցին, այնտեղից` վերջնական սպառողին: Կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության գաղափարը մատակարարումների շղթան արժեքների շղթայի վերածելն է: Օրինակ, Եվրոպայում վերջնական սպառողին հետաքրքրում է, թե ինչ պայմաններում է արտադրվել այս կամ այն ապրանքատեսակը եւ ով է մասնակցել դրան: Այդ հետաքրքրասիրությունն առաջանում է այն պատճառով, որ սպառողը ցանկանում է վստահ լինել, որ մատակարարումների շղթայի բոլոր մասնակիցների միջեւ ստացված շահույթը բաշխվում է արդար կերպով:

Մենք սկսել ենք ֆերմերային տնտեսություններից, քանի որ գյուղատնտեսությունը Հայաստանի համար գործունեության կարեւոր եւ, միաժամանակ, ռիսկային ոլորտ է: Գյուղատնտեսության 15 տարբեր բնագավառներից մենք ընտրել ենք 3-ը` մեղվաբուծություն, կաթի արտադրություն եւ լոլիկի աճեցում: Ֆերմերների հետ աշխատանքի ընթացքում մենք բախվեցինք կոնկրետ խնդիրների, մասնավորապես, ֆերմերներ ու վերամշակող ընկերությունների միջեւ կնքվող համաձայնագրերում շեշտը դրվում է վերամշակող ընկերությունների շահերի վրա:
Միաժամանակ, ֆերմերների մոտ հաճախ խնդիրներ են առաջանում ոչ միայն վերամշակող ընկերությունների, այլեւ` սեփական մեղքով: Օրինակ. կողմերը կնքել են պայմանագիր, որի համաձայն, լոլիկների մթերման գինը սահմանված է 25 դրամ: Հաճախ իրենք ֆերմերները խախտում են պայմանավորվածությունը` իրենց ապրանքն իրացնելով երրորդ կողմին, օրինակ, 30 դրամով:

Կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության բաղադրիչի ուսումնասիրման մեր ծրագրերը չեն սահմանափակվի միայն մեկ ոլորտով. մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ նաեւ տնտեսության այլ հատվածներում: Այդ իմաստով մեզ շատ հետաքրքիր է ֆինանսական հատվածը եւ, մասնավորապես, բանկային համակարգը, որն առաջարկում է հասարակական ծառայություններ: Այսօր կան բանկեր, որոնք լուրջ նշանակություն են տալիս իրենց գործունեության այդ ուղղությանը, եւ հակառակը: Այդ հարցում պատասխանատու բանկերի թվում կցանկանայի նշել «Ամերիաբանկին», որն իրականացնում է փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման լուրջ ծրագիր:

վերադառնալ
Դիտումների քանակը՝  2327


Կարծիքներ
Արտո 13:31 08.06.10
Արտագնա թրենինգները հետաքրքիր ձեւաչափա, մնումա բանկերի ղեկավարները այս հարցում շռայլ լինեն:
Bloomberg 14:29 08.06.10
Г-н Геворгян, а сколько будет стоить участие в открытом тренинге, организуемом для сотрудников страховых компаний? Хотя бы примерно, надеюсь получить от Вас ответ....
Սամվել Գևորգյան 14:46 08.06.10
Շնորհակալություն արձագանքի համար: Ընդհանուր առմամբ թրեյնինգների արժեքները կախված են մի շարք գործոններից (թեմա, հաճախորդի կողմից լուծում պահանջող խնդիրներ, ակնկալիքներ, օրերի և ժամերի քանակ և այլն): Սակայն բերեմ մեկ կոնկրետ օրինակ պատկերացում կազմելու համար. 3 օր / 9 ժամ տևողությամբ Հաճախորդների Սպասարկում թեմայով կորպորատիվ դասընթացի արժեքը մոտավորապես կկազմի 380,000 ՀՀ դրամ:
Bloomberg 14:55 08.06.10
P-n Gevorgyan, shnorhakalutyun arag ardzaganqelu hamar !
Սամվել Գևորգյան 11:30 02.07.10
Կուզենայի տեղեկացնել, որ BSC-ում արդեն ավարտվել են մի շարք թրեյնինգների մշակումը` ուղղված ապահովագրական ընկերություններին: Ամբողջ տեղեկատվությունը առկա է www.bsc.am կայքում:
 
Անուն
էլ. փոստ
Կարծիք

Մուտքագրեք պաշտպանիչ նկարին
պատկերված թվերը

Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 02.09.2010

USD 365.03 + 1.29
GBP 561.74 + 3.04
EUR 468.19 + 3.80
RUR 11.90 + 0.08